Ըստ ուսանողի՝ Ավինյանին հարցեր են ուղղել նաև քաղաքի խնդիրների մասին
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր հյուրընկալվել էր Պոլիտեխնիկում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Դահլիճում հավաքելով հարյուրավոր ուսանողների՝ Ավինյանը խոսել է ոչ միայն բուհի, այլ նաև քաղաքի խնդիրներից։ Բայց նրա թիմը պնդում է, որ այս այցը քարոզարշավի հետ կապ չունի, Ավինյանն այցելել է ոչ թե որպես թեկնածու, այլ որպես բուհի կառավարման թիմի ղեկավար։
Պոլիտեխնիկ «Ազատության» այցի ընթացքում ուսանողները մեծամասամբ խուսափում էին պատմել Ավինյանի հետ հանդիպման մասին։
«Դե դա պարտադիր էր, մենք եկանք տեսանք, որ մարդ չի եկել, գնացինք, դասի նստեցինք», - ասաց ուսանողներից մեկը։ Մյուսը նշեց. - «Պարապում էինք սպորտզալում»։
Հարցին՝ չէի՞ն ասել, որ գնան մասնակցելու, արձագանքեց. - «Ասել էին՝ մի քիչ շուտ ենք դուրս եկել»։
Առանց տեսագրության խոստովանեցին, որ դեկանատն է ասել մասնակցեն, նաև խոստացել, որ բացակա չեն նշանակի։ Ուսանող Մարիամ Ղազարյանը պատմեց, որ հնարավորություն են ունեցել Ավինյանին հարցեր ուղղել նաև քաղաքի խնդիրների մասին, ինքն էլ բարձրացրել է իրենց բակում անօրինական շինարարության հարցը։
«Մեզ տեղեկացրեցին, որ հանդիպման հետ կապված կարող ենք մասնակցել, կարող ենք չմասնակցել, և բացակա չի դրվելու, կարող ենք գնալ, մեզ հուզող հարցեր տալ, ինչ հարց մարդկանց ընդհանրապես հուզում էր թե կապված համալսարանի հետ, թե առօրյա կյանքի հետ, ու բոլորին պատասխան, իհարկե, տրվեց։ Ես բարձրացրի մեր բակի կառուցման հետ կապված հարցը, որովհետև պարոն Ավինյանը դրա մասին տեղյակ էր ու իհարկե, ասաց, որ այդ հարցը կքննարկենք, խոստացավ, որ կգա և բակի բնակիչների հետ այդ հարցը կքննարկի», - պատմեց ուսանողը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք կտրականապես մերժում ենք այդ տեսակ մոտեցումը՝ նկատի ունեմ վարչական ռեսուրսի կիրառման. Տիգրան Ավինյան
«Անկախ դիտորդի» տրամադրած տեսանյութում Ավինյանը ուսանողներին խոստանում է ոչ միայն հարմարավետ բուհ, այլև հարմարավետ քաղաք. - «Երևանի քաղաքապետարանի տեսանկյունից դուք ունենալու եք հարմար քաղաք, ունենալու եք լավ հանրային տրանսպորտ, ունենալու եք մայթեր, որ կրպակներից ազատված են լինելու, ունենալու եք այգիներ, որտեղ կարողանալու եք ձեր ընկերների հետ ձեր հանգիստն անցկացնել, ունենալու եք բակեր, որտեղ մի քանի ավտոտնակի փոխարեն կունենաք ֆուտբոլի դաշտեր, հանգստյան գոիտներ»։
Ավինյանը մասնակցել է ոչ թե որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այլ որպես թեկնածու, պնդում են դիտորդները
Քարոզչությունը ուսումնական հաստատություններում, սակայն, արգելված է, ասում են դիտորդներն ու պնդում իրենց կասկածները, որ Ավինյանը մասնակցել է ոչ թե որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այլ հենց որպես թեկնածու։ Հակառակ դեպքում ինչո՞ւ հենց քարզարշավի վերջին օրը, ասում է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն ու պնդում՝ դեռ շաբաթներ առաջ են ասել, որ Պոլիտեխնիկում Ավինյանի այս պաշտոնը ռիսկեր է պարունակում։
«Փաստացի նաև մենք խնդիր ունենք ուսումնական հաստատությունում քարոզարշավ իրականացնելու արգելքի հետ կապված, և Տիգրան Ավինյանը պետք է հասկանա, որ եթե այս ընթացքում ինքը հանդես է գալիս որպես թեկնածու, և եթե որոշ գործողություններ իր կողմից արվող ռիսկեր են պարունակում, պետք է զերծ մնալ այդ գործողություններից, ոչ թե դա անել։ Պետք չի վիրավորել մարդկային բանականությունը և ասել, որ քարոզչության վերջին օրը կատարված ուսումնական հաստատություն քարոզչություն չի համարվում», - նշեց Հովեյանը։
Դիտորդական կազմակերպությունները հայտարարում են՝ որքան էլ իշխանություններն ու անձամբ վարչապետ Փաշինյանը հակառակն են պնդում, այս ընտրությունների քարոզարշավում լայնորեն կիրառվեց վարչական ռեսուրսը, երբ պետական, համայնքային ծառայողները մասնակցում են իշխող թիմի հավաքներին, երբ արձակուրդում գտնվող թաղապետերը քարոզարշավի ժամանակ հավաքագրում են խնդիրներն ու զբվաղվում դրանց լուծմամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում, ասում է մեկ այլ դիտորդական առաքելության՝ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Դիտորդներն առավոտյան ահազանգեր էին ստացել, որ իշխանության այսօրվա հանրահավաքին պետական աշխատողներին ավտոբուսներով տանելու են Տիգրան Ավինյանի հանրահավաքին։
«Մեզ համար մի քիչ անսպասելի էր, որ վարչական ռեսուրսի չարաշահման այսպիսի ծավալներ կտեսնենք: Շատերը դիմում են, այդ թվում նաև այսօրվա հանրահավաքի հետ կապված մենք ունենք ոչ միայն անանուն ահազանգեր, մենք ունենք շատ հստակ անուններով ահազանգեր, ընդ որում, բարեբախտաբար, նաև մարդկանցից, որոնք ոնց որ թե պատրաստ են, որ իրենց անունը հրապարակվի, պատրաստ են խոսել: Ամեն դեպքում այդ անձանց տված ինֆորմացիան մենք դեռևս պետք է ստուգենք», - նշեց «Անկախ դիտորդ»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկախ դիտորդ»-ն ահազանգեր է ստացել, թե պետական աշխատողներին բերելու են Ավինյանի հանրահավաքին
«Ականատես» դիտորդական առաքելությունն, իր հերթին, լուսանկարներ է հրապարակել Նոր Նորքի թաղապետարանի բակից, պնդում են՝ աշխատակիցներին կազմակերպված տեղափոխում են հանրահավաքի վայր։ «Ականատեսն» «Անկախ դիտորդի» նման ահազանգեր է ստացել, որ պետական աշխատողներին հրահանգված է մասնակցել հանրահավաքին, իսկ, օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին ու հանրահավաքին։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, օրեր առաջ հայտարարում էր, թե ներում-բեկում չի լինելու այն պաշտոնյայի նկատմամբ, որը վարչական ռեսուրսի կիրառմամբ, մարդ է տարել կամ կտանի որևէ ուժի հավաքին։ Զգուշացրել էր՝ աշխատանքից կազատվի. -«Եթե կպարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, ինքը, երբ որ պարզվի, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը՝ մեկ և կազատվի աշխատանքից՝ երկուս: Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, հետո կասենք, կգանք կանդրադառնանք՝ եղավ, թե՝ չեղավ»:
Խախտումների մասին դիտորդները մոտ մեկ տասնյակ հաղորդում են ներկայացրել իրավապահներին։ Դատախազությունն, իր հերթին, քարոզարաշվի ընթացքում ուսումնասիրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն ու ընթացք է տվել 16 դեպքի, որից 8-ն ուղարկվել են ոստիկանություն ստուգման։ 6 դեպքով էլ հարուցվել է քրեական գործ։ Դրանցից մեկը վերաբերում է գումարով իշխող կուսակցության քարոզարշավին մասնակիցներ բերելու լուրին։ Վարույթը հարուցվել է հավաքին մասնակցելը նյութապես շահագրգռելու հոդվածով։ Իշխանությունը այս լուրը զրպարտություն էր որակել։