Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար Հայաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից և մյուս միջազգային գործընկերներից հայտարարություններից զատ գործողություններ են ակնկալում։
Լեռնային Ղարաբաղի հարցով Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ անցկացված լսումների ընթացքում պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարեց՝ Վաշինգտոնը Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի և որ Ամերիկան չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։
Ընդ որում, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Լաչինով թե՛ մարդասիրական օգնության, թե՛ անարգել երթևեկության մասին խոսեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Յուրի ՔիմԲարձր գնահատելով Միացյալ Նահանգների թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների հասցեական դիրքորոշումը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ՝ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը միաժամանակ կարծիք հայտնեց՝ որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը, դադարեցնի ագրեսիվ գործողություններն ու վերադառնա բանակցություններին, կոնկրետ քայլեր են պետք:
«Մենք բազմիցս խոսել ենք, որ Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի տարբեր միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների հովանու ներքո կամ երկրներ կողմից: Այո, կարելի է նաև խոսել քաղաքական տարբեր լծակների մասին, որոնք ունեն մեր գործընկերները, տնտեսական լծակների մասին: Իսկապես պահը շատ բարդ է ու գնալով իրավիճակը սրվում է, և մենք ակնկալում ենք, որ այդ գործողությունները ի վերջո կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ», - ասաց Խանդանյանը:
Ըստ փորձագետների՝ միջազգային դերակատարների կոչերը ԼՂ-ում հումանիտար իրավիճակը փոփոխելու համար բավարար չեն
Հայաստանցի փորձագետները ևս կարծում են՝ միջազգային դերակատարների կոչերը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը փոփոխելու համար բավարար չեն։
Ուղերձները կարող են զսպող ազդեցություն ունենալ, բայց խնդիրը դրանցից արմատապես չի լուծվի, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքն է։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է Լաչինի միջանցքն անցած տարեվերջից փակած Ադրբեջանի նախագահին Միացյալ Նահանգների պետքարտուղարի դեռ 8 ամիս առաջ հղած կոչը, դրանից հետո Բլինքենն էլի է կրկնել՝ Լաչինի միջանցքով անխափան երթևեկության կարևորությունը։ Բայց Ալիևն այդ հայտարարություններից հետո հասավ Արցախի լիակատար շրջափակմանը, որն արդեն 3 ամիս է շարունակվում է։
Իսկ գործողությունների, լինի դա Մոսկվան, թե Վաշինգտոնը, փորձագետները կարծում են՝ կգնան այն դեպքում, եթե դրանք այդ մայրաքաղաքների շահերից բխեն։
«Կարող են լինել ձևական գործողություններ՝ ցույց տալու համար, որ օրինակ, Միացյալ Նահանգներն ինչ-որ բան փորձում է անել Ալիևի դեմ, բայց իրենց բնույթով էդ գործողությունները որևէ սպառնալիք Ալիևի համար չներկայացնեն: Շատ կարևոր է, թե այդ գործողություններ ասվածը որքանով են Ադրբեջանի համար իսկապես կորստաբեր, որովհետև պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի դերը որոշակիորեն աճել է: Թե՛ Ռուսաստանը, թե՞ Միացյալ Նահանգները շահագրգռություն չունեն սկզբունքորեն հակադրվել Ադրբեջանին, ու Ալիևը հենց այդ իրավիճակից է նաև օգտվում», - ասաց Բադալյանը:
«Թուրքիան և Ադրբեջանն Արևմուտքից ինչ-որ գին են ուզում, որպեսզի Հայաստանին հանգիստ թողնեն ու Հայաստանն էլ ռուսական ազդեցության գոտուց դուրս գա: Հայաստանը դրա համար պիտի վճարի Արևմուտքի տեսանկյունից ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ռուսական ռազմաբազաները դուրս բերի այստեղից, վերջնականապես հրաժարվի Արցախից ու Սյունիքի միջանցքը պիտի ինչ-որ ձևակերպումներով անարգել տրամադրի Թուրքիային և Ադրբեջանին: Ռուսաստանի տեսանկյունից այդ գինն այն է, որ Հայաստանը պիտի հրաժարվի թեքվել դեպի Արևմուտք, հրաժարվի ինքնիշխանությունից փաստացի ու պարզ ասած, դառնա Թաթարստան կան Աջարիա: Քանի դեռ այդ մեծ առևտուրը չի կայացել, Հայաստանի նկատմամբ ճնշումներն ավելանալու են, իսկ այդ ճնշումները երկու գործիք ունեն՝ Արցախի տոտալ շրջափակում և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի ահագնացում», - նշեց Բաղդասարյանը: