Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը և Յուրի Քիմը նորից հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական խնդիրը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի միջև տեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը։

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, «նախարարը խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի և նրա կողմից ստեղծված անջատողական ռեժիմի սադրանքների թվի աճի մասին»:

Բայրամովն ասել է, որ հայկական զինված ուժերը՝ հակառակ Հայաստանի պարտավորություններին, «դեռ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից և հանդիսանում են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքը»:

Բայրամովը Քիմի հետ զրույցում դատապարտել է Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը և այն անվանել է «Ադրբեջանի օրենքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում»:

Բայրամովի խոսքով, դա վնաս է հասցնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին։

Բայրամովն ասել է, որ «հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից, իսկ անջատողական ռեժիմը պետք է լուծարվի»:

Նախարարը կոչ է արել «խստորեն դատապարտել Ադրբեջանի տարածքում «ընտրությունների» անվան տակ իրականացվող այս անօրինական գործողությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Թրենդ» գործակալությունը չի հաղորդել, թե Բայրամովի հետ հեռախոսազրույցում ինչ տեսակետ է հայտնել Քիմը նշված հարցերի վերաբերյալ:

XS
SM
MD
LG