ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով, որը Վաշինգտոնի կարճաժամկետ առաջնահերթությունն է, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի Երևան այցին՝ սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Միացյալ Նահանգների երկարաժամկետ առաջնահերթությունն է, ըստ Մեթյու Միլլերի, «որքան հնարավոր է շուտ հասնել ընդհանուր խնդրի խաղաղ կարգավորման»։
Պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին», Միլլերն ասել է. - «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։
Երեկ Երևանում ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարն ու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են իրավիճակն Արցախի շուրջ