Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձ մակարդակով կրկին հայտարարել են, որ խորհրդարանը վավերացնելու է Հռոմի ստատուտը՝ մի փաստաթուղթ, որը կպարտավորեցնի Հայաստանին կատարել Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումները։
«Դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի»
Արդյո՞ք Հայաստանն ունի հնարվորություն փաստաթուղթը վավերացնելու վերապահումով, այսօր հետաքրքրվեցինք արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից։
«Հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական և դատական համակարգին մեր՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ իրականացված, օրինակ, ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել: Եվ դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի», - պատասխանեց նախարարը:
Հայաստանը այս փաստաթուղթը վավերացնելու գործընթաց սկսել էր դեռ անցյալ տարի, երբ 1998 թվականին ստորագրված փաստաթուղթը նորից ուղարկեց Սահմանադրական դատարան՝ ստուգելու համապատասխանությունը երկրի մայր օրենքին։ Բարձ ատյանի որոշումն արդեն հրապարկվեց այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել այս տարվա մարտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու հարցովՊուտինն այս օրդերից հետո չի այցելել որևէ երկիր, որը վավերացրել է այս փաստաթուղթը, իսկ Մոսկվան չի թաքցնում դժգոհությունները Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ:
«Կառավարությունը ուղարկել է Ազգային ժողով Հռոմի ստատուտը և Հռոմի ստատուտը վավերացվելու է, իմ դիրքորոշմամբ, և մեր խորհրդարանական գործընկերների աջակցությամբ լիարժեք և դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ: Դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ», - երեկ խորհրդարանում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ փաստորեն շեշտելով, որ փաստաթուղթը վավերացվելու է լիարժեք։
Երկու օր առաջ նույն թեմային Փաշինյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, կրկին նշելով, որ Հայաստանը վավերացնելու է փաստաթուղթը, սակայն Ռուսաստանի մտահոգությունների վերաբերյալ ավելացրեց, թե Մոսկվային առաջարկված լուծում կա։ Փակագծեր, սակայն, չբացեց:
«Դա է պատճառը, որ մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի նաև Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորենք այս ամենի հետ կապված և նույն Հռոմի ստատուտի հետ կապված մենք շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը բոլոր մտավախությունները կարող է փարատել և մենք շարունակում ենք աշխատել այդ լուծման ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վավերացումից հետո ՀՀ կարող է ցանկացած հայտարարություն անել, սակայն դա դատարանի տեսանկյունից չի ունենա իրավական ուժ. Ղազարյան
Ի՞նչ կարող էր Երևանն առաջարկել Մոսկվային այս հարցի շրջանակում։ Մինչ արդարադատության նախարարը մեր հարցին հստակ չպատասխանեց, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը շեշտում է՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը մի փաստաթուղթ է, որը հնարվոր չէ վավերացնել որևէ պետության նախընտրած վերապահումներով։
«Դրա մեկնաբանությունը նրանում է, որ եթե մենք թողնենք պետությունների հույսին, թե իրենք որ հոդվածն են ուզում, որպեսզի կիրառվի և որն ուզում են, որ չկիրառվի, այսինքն վերապահումները, ապա լրջորեն կտուժի այդ իրավական փաստաթղթի առարկան, արդյունավետությունը, այսինքն պետությունները կձևափոխեն, խեղաթյուրեն այդ փաստաթղթի էությունը, և դա այդ պատճառով չի թույլատրում որևէ վերապահում», - ասաց Ղազարյանը:
Վավերացումից հետո Հայաստանը կարող է ցանկացած բովանդակությամբ հայտարարություն անել, նկատում է Ղարզարյանը, սակայն դա դատարանի տեսանկյունից չի ունենա իրավական ուժ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ Հռոմի ստատուտը կվավերացվի«Ի վերջ և՛ իրավաբան - գիտնականների, և՛ դատարանի մեկնաբանությունը հստակ է, պետությունը պարտավոր է հանձնել այն անձին, ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում՝ անկախ նրա դիրքից՝ սոցիալական կամ քաղաքական համակարգում, այդ թվում նաև պետության ղեկավարներին։ Մենք խոսում ենք Վլադիմիր Պուտինի մասին, բայց բազմաթիվ այլ դեպքեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ևս կարող է կանգնել փաստի առաջ։ Պատկերացրեք, որպես օրինակ, Պուտինը չէ, որևէ ռուս գեներալ գտնվում է Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել Միջազգային քրեական դատարանին, թե՝ ոչ, եթե նա հետախուզման մեջ է, եթե՝ այո, արդյո՞ք պարտավոր է ընդառաջել հաջորդ քայլին իրավական փոխօգնության դիմումին, ձերբակալել նրան և քննչական գործողություն իրականացնել», - նշեց միջազգային իրավունքի մասնագետը։
Այս հարցերի պատասխանները առայժմ չկան, իսկ փաստաթուղթը Հայաստանի խորհրդարանում գտնվում է քննարկման փուլում, անցյալ շաբաթ ասել էր Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ «կքննարկեն, կհասկանան՝ ինչ օգուտներ կան, իսկ դրանք շատ են, քանի որ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ են կատարվել ու կատարվում»։
Արա Ղազարյանը չբացառեց, որ վավերացումից հետո Հայաստանը կարող է փորձել իրավիճակային լուծումներ գտնել Ռուսաստանի նախագահի կամ այլ ռուս գործիչների պարագաներում, որոնց վերաբերյալ կա ձերբակալության օրդեր և որոնք պիտի այցելեն Հայաստան։