Ռուսաստանը չի մասնակցի 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությանը Միջազգային քրեական դատարանի կողմից: Այս մասին այսօր հայտարարեց երկրի արդարադատության նախարարությունը:
«Ինտերֆաքս» գործակալության հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նշում է.- «Ռուսաստանը չի կարող մասնակցել օգոստոսյան պատերազմի` Միջազգային քրեական դատարանի կողմից իրականացվող հետաքննությանը, քանի որ 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ մեր երկիրը չի վավերացրել այդ դատարանի գործունեության հիմքը հանդիսացող Հռոմի ստատուտը»:
Ռուսական կողմի առարկությունները, սակայն, զուտ տեխնիկական կամ իրավական չեն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ Միջազգային քրեական դատարանը և անձամբ այդ գործով ապացույցներ հավաքագրող դատախազ Ֆաթու Բենսուդան վրացամետ դիրքորոշում են որդեգրել:
«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանին է փոխանցել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի ավելի քան 30 հատորները: Դրանք հաստատում էին Սաակաշվիլիի վարչակազմի կողմից Հարավային Օսիայի բնակչության և ռուսաստանցի խաղաղապահների դեմ կատարված հանցագործությունների փաստը: Միջազգային քրեական դատարանի դատախազը, սակայն, մեղադրանքներ է հնչեցնում Հարավային Օսիայի, ավելին` ռուսաստանցի խաղաղապահների հասցեին: Ըստ էության, դատարանը, հանդես գալով ագրեսորի կողմից, մեղադրում է այդ հարձակման զոհերին»,- նշում է Զախարովան:
Ի տարբերություն պաշտոնական Մոսկվայի՝ Հարավային Օսիայի իշխանությունները ավելի զուսպ են: Ցխինվալիում կարծես հույս ունեն, որ միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից չճանաչված հանրապետության հետ գոնե այս հարցում արտերկրում կփորձեն համագործակցության որոշակի եզրեր գտնել: Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի խորհրդական Կոնստանտին Կոչիևի խոսքով՝ դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես կընթանա քննությունը:
«Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ հրահանգներ կտրվեն հետաքննող խմբին»,-նշում է պաշտոնյան:
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովը իր հերթին պնդում է, որ Ցխինվալիում մտավախություն կա, թե Միջազգային քրեական դատարանը կարող է առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ:
«Հասկանալի պատճառներով մենք վստահ չենք, որ դատարանի կողմից կայացված ցանկացած վճիռ ուղղված չի լինի Հարավային Օսիայի դեմ: Ինչպես պատմությունն է վկայում, շատ հաճախ որոշումները կայացվում են քաղաքական դրդապատճառներից ելնելով, այլ ոչ թե իրական դեպքերի հիման վրա: Չնայած այս ամենին, մենք պատրաստ ենք համագործակցել դատարանի ներկայացուցիչների հետ, մենք նրանց կտրամադրենք անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Դրա հետ մեկտեղ, մենք վստահ չենք, որ քննությունը օբյեկտիվ ընթացք կունենա»,- նշում էր Հարավային Օսիայի արտգործնախարարը:
Ըստ իրավաբանների գնահատականների, Միջազգային քրեական դատարանի կողմից հարավօսական և ռուսական կողմերին ներկայացվելիք գլխավոր մեղադրանքը, ըստ ամենայնի, վերաբերելու է էթնիկ զտումներին, որոնց հետևանքով 2008-ի օգոստոսին ընդամենը մի քանի օրում տարածաշրջանի ավելի քան 15 հազար վրաց բնակիչները ստիպված էին լքել Հարավային Օսիան: Վրացական և բազմաթիվ արևմտյան աղբյուրներ բազմիցս պնդել են, որ տեղահանությունն ուղեկցվում էր համատարած թալանով, երբեմն նաև քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների սպանություններով: