Քարոզարշավի նախավերջին օրն է. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը հիմնականում ամփոփում ու պատմում են՝ ինչ են արել նախորդ շաբաթներին և մի վերջին անգամ համոզում երևանցիներին սեպտեմբերի 17-ին ձայնը տալ իրենց։
2021-ին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն այսօր որոշեց տարբեր ժամանակների իր ելույթներով համեմված մի տեսանյութով պատասխանել վարչապետ Փաշինյանին:
Օրերս Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանը դժգոհել էր, թե առաջին իսկ դժվարությունից հետո Մարությանը «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում է գրել: Պատասխան տեսանյութին կից Մարությանը գրել է՝ երբ սկսել էին պայքարը հին համակարգի դեմ, ՔՊ-ն դեռ չէր էլ ստեղծվել։
Մարությանին քաղաքապետի թեկնածու առաջադրած «Ազգային առաջընթացն» այսօր որևէ այլ հրապարակում կամ հանրային միջոցառում չիրականացրեց։ Պասիվ էր նաև իշխանությունների թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը։ Նա էլ ավտոբուսներում տեղորոշման համակարգի տեղադրման մասին մի տեսանյութով է կիսվել:
Նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիրը» քվեաթերթիկի իրենց համարին համահունչ 13 պատճառ ներկայացրեց, թե ինչո՞ւ երևանցիներն իրենց պետք է ընտրեն։ Քաղաքային խնդիրներին վերաբերող դրույթները 5-րդ կետից են սկսվում։ Առաջին 4-ը, ըստ էության, իշխանափոխության հասնելու մասին են։ Պնդում են՝ գիտեն ինչպես փոխել ապագան, տեր կանգնել Արցախին ու Հայաստանին՝ «կասեցնելով կործանարար ընթացքը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր թեկնածուները ոչ միայն քաղաքային, այլև անվտանգային, Արցախի խնդիրներից են խոսումՆախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն էլ է քաղաքային ընտրություններին մասնակցում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Նրանք քարոզարշավը երեկոյան ավարտեցին՝ ամփոփիչ հանրահավաքով։
«Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը շարունակում է պտտվել թաղամասերով ու տարբեր խնդիրների լուծման տարբերակների մասին հրապարակումներ անել:
Ամփոփիչ քարոզչական միջոցառման մասին առայժմ չի հայտնել իրավաբան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետություն» կուսակցությունը։ Անցնող շաբաթների ընթացքում այս ուժը բակերով էր շրջում ու հավաքներ կազմակերպում։
Կենտրոնի նախկին թաղապետ, «Հաղթանակ» կուսակցության առաջին համար Վիկտոր Մնացականյանն էլ տեսանյութեր է հրապարակում, որոնցում քաղաքային խնդիրներից է խոսում:
Փաստաբան Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստանն» էլ բնակիչների հետ հանդիպեց։ Քարոզարշավը կամփոփեն վաղը։
Գործարար Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյացը», որի ցուցակը նախկին դատախազ Նելլի Հարությունյանն է գլխավորում, քարոզարշավի ընթացքում և՛ բակային հանդիպումներ էր ունենում, և՛ սոցցանցերում էր ակտիվ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի տրանսպորտի խնդիրը՝ քարոզարշավի գլխավոր թեմաներիցԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» ու նախկին ոստիկան, Հայաստանում ծանր հանցանքների համար մեղադրվող ու հետախուզվող Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» ավանդական քարոզչություն չանցկացրին։
Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը՝ «Ժողովրդավարական համախմբումը» «Միացյալ Հայաստանն» ու «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը նույնպես ավելի պասիվ էին։
Երեկոյան Հանրայինի եթերում թեկնածուների մեծ հեռուստաբանավեճն է, մասնակցությունը հաստատել են 14 ուժերից 12-ը։ Կբացակայեն Հայկ Մարությանն ու Ադրանիկ Թևանյանը։ Նախկին քաղաքապետը կարծում է, որ բանավեճը վարողն օբյեկտիվ չէ, «Մայր Հայաստանի» առաջին համարն էլ հայտարարում է՝ իր թիրախում վարչապետ Փաշինյանն է, թեկնածուների հետ բանավեճի մեջ չի մտնի։
Երևանցիներին համոզելու համար մեկ օր է մնացել, սեպտեմբերի 16-ին լռության օր է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բալանսավորված մեդիակերակուր» ընտրեք». հակաքարոզչությունը՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում