Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված. վարչապետ
Չնայած հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակին ու զինտեխնիկայի կուտակումներին՝ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով», - կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս լարվածության ֆոնին՝ Հայաստանը նախօրեին ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի նոր առաջարկները, որոնց վարչապետն այսօր խոստացավ պատասխանել առաջիկայում։
«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները», - վստահեցրեց նա։
Չնայած խաղաղության օրակարգի շուրջ շարունակվող գործընթացին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում ափսոսանք հայտնեց, որ էական հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են բավական հեռու լինել միմյանցից. - «Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ չեն եղել այս ընթացքում՝ հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»։
Առաջարկների փոխանակման 5 -րդ շրջափուլում ո՞ր հարցերի շուրջ են ամենասուր տարաձայնությունները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Արուսիկ Ջուլհակյանը որոշ փակագծեր բացեցին։
«Դրանք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչումն է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների անվտանգության իրացումն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սուվերենության պահպանումն է», - ասաց Հովհաննիսյանը։
«Ազատության» հարցին, թե այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պատգամավորն արձագանքեց. - «Խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ ու երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։ Մինչև այս պահը դեռևս չի հաջողվել մոտարկել մոտեցումներն այս առումով։ Գիտեք, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության վարչապետի և ադրբեջանական պետության ղեկավարի միջև փոխադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին, բայց մինչև այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»։
«Այո, բանավար պայմանավորվածությունը կա, համենայն դեպս գրավոր ձևակերպումն այս պահին Հայաստանի Հանրապետությանը չի բավարարում», - հավելեց Ջուլհակյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է միջավայր ստեղծել, որը թույլ կտա Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին․ եվրոպացի պաշտոնյաՀարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի մի տեքստ մատուցել, որը թույլ կտա հետագայում կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պատգամավորն ասաց. - «Մեզ առնվազն ձևակերպումն այս պահի դրությամբ վստահություն չի ներշնչում, որ երաշխավորված կլինի, այսինքն՝ բավարար երաշխիքներ կունենանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ սադրիչ գործողություններ չեն լինի»։
Այն խաղաղությունը, որը Ալիևն է մեզ առաջարկում, խաղաղությամբ հանգչել է նշանակում. Արթուր Խաչատրյան
Որքանո՞վ է իրատեսական, որ սահմանային լարված իրավիճակում կողմերը կկարողանան համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, որի շուրջ բանակցում են անցած տարվանից. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է. - «Մարդը որ մահանում է, ասում են՝ հանգչիր խաղաղությամբ։ Այն խաղաղությունը, որը Ալիևն է մեզ առաջարկում, խաղաղությամբ հանգչել է նշանակում»։
Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ խաղաղության պայմանագրի այն տեքստը, որի շուրջ այժմ աշխատում են հայկական ու ադրբեջանական կողմերը, խաղաղություն Հայաստանին և Արցախին չի բերելու։ Խաղաղությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ապահովում են սեփական բանակով և ճկուն դիվանագիտությամբ։
«Այսինքն՝ եթե այդ փաստաթուղթը, որն իրենք կոչում են խաղաղության պայմանագիր ստորագրվի, չզարմանաք, որ մի քանի տարի հետո ադրբեջանցիները վերադառնան Մասիս, Վայք, չզարմանաք, որ Սևանի արևելքում ադրբեջանցիները ավելի շատ լինեն, քան թե հայերը, նույնը վերաբերում է Կապանին և Մեղրիին։ Դրա համար եմ ասում՝ ավելի լավ է այդ փաստաթուղթը չլինի, և այսօր հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խուսափել որևէ թուղթ ստորագրելուց, որովհետև այդ թուղթը ոչ թե կլինի կադաստրի վկայական, ցավով եմ ասում, այլ կարող է լինի մահվան վկայական մեր պետականության համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել ԲաքվինԻշխանությունը սահմանին ստեղծված իրավիճակին համարժեք չի գործում, պնդում է ընդդիմությունը
Թեև վարչապետ Փաշինյանը խոսում է դիվանագիտական ճանապարահով նոր պատերազմ թույլ չտալու մասին, ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունը սահմանին ստեղծված իրավիճակին համարժեք չի գործում։ Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում այս պահին։ Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտում է՝ օրինակ՝ անդադար ոստիկանության վրա գումարներ ծախսելու փոխարեն պետք է նախ կենտրոնանալ առաջնագիծն ու պաշտպանական կարողությունները ուժեղացնելու վրա, զորավարժություններ անցկացնել, այդ թվում՝ գործընկերների հետ միասին։
«Փոխանակ առաջին գիծն իրենք կահավորեն, ինժեներական-շինարարական ամբողջ ներուժը օգտագործեն պաշտպանությունն ամրապնդելու, իրենք այդ ամբողջ ներուժը օգտագործում են օրինակ՝ ասֆալտային ճանապարհներ կառուցելով և ասելով, որ քանի որ ասֆալտներում արագությունը բարձր է, դրա համար ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում», - ասաց պատգամավորը։
Երևանն ու Բաքուն այսօր էլ շարունակեցին իրար մեղադրել հրադադարի խախտումների համար։ Իրավիճակը հատկապես լարվել էր սեպտեմբերի 1-ին, երբ բախումների հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, Ադրբեջանը հաղորդեց երեք վիրավորի մասին։