Բաքուն դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին, Ազգային ժողովում այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Իմ տեղեկություններով՝ մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի վերջին, Կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները՝ այլ մանրամասներ չհրապարակելով։ Սա երկու երկրների արտգործնախարարությունների միջև փոխանակվող հնարավոր պայմանագրի խմբագրումների արդեն հինգերորդ տարբերակն է։
Հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չբացահայտելով ոչ Երևանից ստացած առաջարկների բովանդակությունը, ոչ էլ դրանց վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը՝ շեշտեց՝ «հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել՝ մեկնաբանություններն ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց մամուլի համար հայտարարություն են տարածել։ «Ուզում եմ նշել մի հետաքրքիր միտում՝ որպես կանոն, հայկական կողմը 30-ից 60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի ուղարկած մեկնաբանությունները», - ասել էր Բայրամովը։
«Մյուս ճանապարհների հետ կապված՝ դա ԼՂ իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է»
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Աղդամի ճանապահով երեկ ռուսական հումանիտար բեռների մուտքին Արցախ, Խանդանյանը պատասխանեց՝ չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու և ընդհանարապես Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը, իսկ մյուս ճանապարհների հետ կապված ես չէի ցանկանա էդ հարցերով մեկնաբանություն տալ, որովհետև դա ԼՂ իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է, և չեմ կարծում, որ այստեղ Հայաստանը պետք է միջամտի», - ասաց պատգամավորը։
Ադրբեջանն արդեն 9 ամիս է փակել է Լաչինի միջանցքը։ Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, հունիսի 15-ից անցակետ է տեղադրել, արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը և հունիսի 12-ից ի վեր մինչև երեկ ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտել Լեռնային Ղարաբաղ, սակայն շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Երեկ վաղ առավոտյան օգնությունը մտավ Ստեփանակերտ։ Բաքուն հայտնեց, որ համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։