Ըստ բնակիչների՝ Երասխի գործարանը տեղափոխվել է այլ վայր, կառուցող ընկերությունն արձագանքում է

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները դադարեցված են, պահակը «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ արդեն 10 օր է՝ այստեղից և՛ իրեր են տեղափոխվել այլ վայր՝ Եվրամիութան դիտորդների վերահսկողությամբ, և՛ արդեն տևական ժամանակ է շինարարություն չի ընթանում:

«Կրակոցներ լսում ենք, բայց քանի որ գործարանը տեղափոխել են, էլ չեն կրակում: Հիմնականում կրակոցները լինում են աշխատողների ուղղությամբ: Երբ տեխնիկա են մտցնում, տեխնիկա են հանում, էդ ժամանակ են կրակոցները լինում, էդ ժամանակ են կրակում, որ չաշխատեն: Հիմա ինչ կա-չկա հավաքել են, տարել են Զոդ», - ասաց բնակիչներից մեկը:

Երասխի բնակիչների նկարագրած վայրում՝ Զոդում, արդեն ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ «Ազատությանը» թույլ չտվեցին ներս մտնել. դրսից, սակայն, ակնհայտ էր՝ լայնամասշտաբ շինարարություն է:

Այսօր ավելի վաղ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն էր X-ում (նախկինում Թվիթեր) տեղեկացրել, որ իրենց ներկայությամբ նպաստում են սարքավորումների անվտանգ տեղափոխումն այլ վայր, ավելի ուշ Եվրամիությունը խմբագրեց այս հայտարարությունը:

«ԵՄ դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը, դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում», - ասված է արդեն խմբագրված հայտարարություն մեջ:

Հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող այս գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ կես տարի առաջ, նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։ Բաքուն պարբերաբար պնդում է, թե այս նախագիծը վտանգում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությունը։ Ադրբեջանական կողմից պարբերաբար կրակում են գործարանի ուղղությամբ, ամիսներ առաջ երկու շինարար էր վիրավորվել։ Մետալուրգիական գործարանի շահագործման մասին Բաքվի պնդումները Երևանն անհիմն է համարում։ Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր ներկայացնում Երասխում կառուցվող 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը՝ շեշտելով գործարանում տարեկան 180 հազար տոննա արտադրանք է թողարկվելու, 1000-ավոր աշխատատեղեր են բացվելու։ Այսօր, սակայն, իշխանության ներկայացուցիչները քչախոս էին։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Բաքվի պահանջը կատարվեց և գործարանը տեղափոխվեց այլ վայր, իշխող պատգամավորները հորդորեցին պատասխանը ստանալ սեփականատիրոջից. - «Դա, որքանով ես եմ տեղյակ, մասնավոր կազմակերպություն է և իրենց որոշման տիրույթում է գտնվում»:

Մետալուրգիական գործարանը կառուցող «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերությունն այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել:

«Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը, ինչպես ծրագրված ու նախատեսված էր, այն արտադրական պրոցեսի փուլերից ընդամենը մեկն է», - հաղորդում է ընկերությունը: