Փաշինյանը մտավախություն չունի, թե Ռուսաստանը Հայաստանում հեղափոխություն կանի
Իրավապահները դեռ չեն բացահայտում՝ Հայաստանում վագներականներ կան, թե սոցցանցերում տարածվող լուրերը կեղծ են։ Այս պահին հայտնի է միայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացնում, բայց ոչ մի հստակ տեղեկություն չեն տրամադրում արդյունքների մասին, չեն բացահայտում նաև, թե արդյոք բացի տելեգրամյան ալիքներից, այլ աղբյուրներ ևս որևէ հավաստի տեղեկություն ունեն զինված խմբավորման ներկայության մասին։
Երեկ ստուգումների մասին վարչապետն էր տեղեկացրել խորհրդարանի ամբիոնից ու ընդգծել՝ իրավապահները պարտավոր են արձագանքել մամուլի հրապարակումներին։ Ըստ Փաշինյանի՝ այստեղ որևէ արտառոց բան չկա, ինքն էլ մտավախություն չունի, թե Ռուսաստանը Հայաստանում հեղափոխություն կանի։
Զախարովան փաստեր է պահանջել
Օրերս «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն էր գրել, թե Հայաստան ներթափանցած վագներականները, որոնց թիվը 3 հազարից հասել է 12 հազարի, մտադիր են Հայաստանում հեղաշրջում կազմակերպել։ Այս ալիքն այս տեղեկությանը զուգահեռ որևէ փաստ կամ լուսանկար չէր ներկայացրել։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի զինյալների ներկայության մասին պնդումները երեկ անհիմն էր համարել ու փաստեր պահանջել. - «Ինչի՞ հիման վրա են նման հայտարարություն անում, որտեղի՞ց այս տեղեկությունը, ո՞ւր են փաստերը։ Այդ երկիրն, ի վերջո, շատ մեծ բնակչություն չունի, կտեսնեին այդ մարդկանց այդտեղ»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր պնդեց, թե սովորաբար նախընտրական շրջանում արտաքին ուժերը քաղաքական փոփոխությունների հասնելու համար փորձում են իրենց պրոյեկտներին ակտիվացնել Հայաստանում, բայց որևէ ստույգ տեղեկություն պատգամավորը ևս չներկայացրեց. - «Տարբեր անհայտ աղբյուրներից տարբեր քաոտիկ բնույթի տեղեկատվություններ են տարածվում, արտաքին ուժերն, ըստ էության, էլ ավելի են փորձում իրենց այստեղի պրոյեկտներին աշխուժացնել, որպեսզի երկրում որևէ քաղաքական փոփոխություն իրականացնեն, և մենք գործ ունենք այս գործընթացի հետ, ընտրական գործընթաց, ես մեր հանրությանն էլ կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյատիվ սադրիչ բնույթի տեղեկատվություններին և գնալ ու իրենց սահմանադրական պարտքը կատարել սեպտեմբերի 17-ին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ի անդամները կմնան Բելառուսում. Ալեքսանդր ԼուկաշենկոՊուտինի երբեմնի խոհարարի, անցած ամիս ավիավթարից մահացած Եվգենի Պրիգոժինի զինյալների խմբավորումը մինչև ձախողված ապստամբության փորձը ակտիվորեն մասնակցում էր Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։ Պրիգոժինի մեկօրյա խռովությունից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե երկրի իշխանություններն ամբողջությամբ ֆինանսավորել են «Վագներ»-ի գործունեությունը։
Սպառնալիքն իրական է, առավել քան իրական է. Սաքունց
Մինչ հայաստանյան իրավապահները հստակություն կմտցնեն Հայաստանում վագներականների ենթադրյալ ներկայության հարցում, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգված է. - «Սպառնալիքն իրական է, առավել քան իրական է, քանի որ մենք գիտենք, որ ՀՀ-ն այն եզակի պետություններից է, որտեղ Կրեմլի աջակիցները կամ պուտինյան ռեժիմի աջակիցները անթաքույց գործում են նաև քաղաքական դաշտում, այսինքն՝ մենք գործ ունենք և՛ քաղաքական ներկայացվածության՝ հանձինս նրանց պրոքսիների հետ, և՛ նաև նման վայրագություններով հայտնի զինված խմբավորման հետ», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա։
Սաքունցի կարծիքով՝ հատկապես հիմա, երբ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լարված են, երբ Հայաստանում քիչ չեն ռուսամետները, ընդհանրապես բացառել վագներականների ներկայությունն այստեղ, ճիշտ չէ։
«Հայաստանի քաղաքական իրավիճակը, հանրային մտածելակերպը և այլն, որի վերաբերյալ բազմիցս անհանգստություններ են արտահայտել ամենաբարձր մակարդակներում Ռուսաստանի, հիմք է տալիս ենթադրելու կամ պնդելու, որ Կրեմլն իր գործիքակազմը, որի մեջ առաջնային տեղ ունի նման մեթոդների կիրառումը՝ հանձինս այդ վագներականների, ազդելու իրավիճակի վրա», - շեշտեց իրավապաշտպանը։
Պրիգոժինի գլխավորած «Վագներ»-ն աշխարհի ամենաթեժ կետերում՝ Աֆրիկայից մինչև Սիրիա և Ուկրաինա, զինված հակամարտությունների է մասնակցել Կրեմլի հովանու ներքո։ Տապալված խռովությունից հետո վարձկանները տեղափոխվեցին Բելառուս. «Ազատության» բելառուսական ծառայության վերջին հետաքննությունը փաստում է, որ նրանց ճամբարներն այդ երկրում ապամոնտաժվում են։ Բայց, պարզ չէ, թե ուր են գնում մարտիկները։ «Վագների» հետ կապված Տելեգրամ ալիքները ավելի վաղ գրել էին, թե զինյալների մի մասը վերադարձել է Ռուսաստան, մյուսները տեղափոխվել են Աֆրիկա։