Հայկական փաստարկներով չի լուծվում Ղարաբաղի հարցը. Փաշինյան

«Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն կարմիր գիծ է»

«Մեզ համար անընդունելի է Հայաստանի ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն, դա կարմիր գիծ է», - Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Թուրքիայի տրանսպորտի նախարարի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը։

Թուրք պաշտոնյան այսօր ասել էր, թե «առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»:

Փաշինյանն այսօր կրկնեց՝ Հայաստանը կողմ է տրանսպորտային ուղիների, երկաթգծի վերաբացմանը, կողմ է, որ ՀՀ տարածքով անցնեն գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, բայց բոլոր այդ ծրագրերը պետք է գործեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։

«Ուզո՞ւմ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ և մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իրավազորության և օրենսդրության շրջանակներում», - նշեց վարչապետ:

Ինչո՞ւ է սահմանային լարվածության մասին Փաշինյանը Պուտինին նամակ ուղարկում

Ի դեպ, անցած նստաշրջանում հարցուպատասխանը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր մասնակցում էին դրան ու նաև հարցեր ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրեց անդրադառնալ հայ-ռուսական սրված հարաբերություններին, և նաև բացատրել, թե ինչո՞ւ է սահմանային լարվածության մասին Փաշինյանը Պուտինին նամակ ուղարկում, իսկ այլ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց ունենում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն

«Ես ուշադիր հետևում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան և ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես մոտավորապես, թվի մեջ կարող եմ 1-2 սխալ անել, բայց 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մյուս գործընկերների հետ, ըստ էության, կա՛մ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, կա՛մ շատ ավելի պակաս խոսակցություն եմ ունեցել, այնպես որ այստեղ էլ չեմ կարծում, թե խնդիր կա, որովհետև հեռախոսի զանգի նպատակն այն է՝ կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն», - արձագանքեց Փաշինյանը:

«Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը և դա արդեն արել է»

Ագնեսա Խամոյանը մեկ այլ հարց էլ ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը մտահոգություններ ունի, որ Ռուսաստանը կարող է Հայաստանում հեղափոխություն անել, ինչին այսօր անդրադարձել է Մարիա Զախարովան, հատկապես, որ ըստ ընդդիմադիր պատգամավորի, ԱԱԾ -ն վագներականների է փնտրում։

«Ինչ վերաբերում է վագներական փնտրելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին և դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով, Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը և այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա: Ինչ վերաբերում է մտավախություն ունեմ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում հեղափոխություն անի, Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն կարող է անել միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է», - ընդգծեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը երկու ժողովուրդներին «գժտեցնելու աղետալի ծրագրեր չունի». Զախարովա

«Ալմա Աթայի հռչակագիրը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության անկախության վկայագիրն է»

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Փաշինյանը խոսեց նաև Ալմա Աթայի հռչակագրի և արձանագրության մասին՝ հորդորելով այդ փաստաթղթերը չդեմոնիզացնել, քանի որ դա նշանակում է լեգիտիմությունից զրկել Հայաստանի անկախությունը: Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Պրահայում Փաշինյանն ու Ալիևը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Մի անգամ խոսել եմ կադաստրի վկայականի մասին, Ալմա Աթայի հռչակագիրը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության անկախության վկայագիրն է միջազգային», - ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց Փաշինյանին՝ արդյո՞ք Հայաստանի վարչապետն Արցախի հարցում ադրբեջանական թեզերից բացի կարո՞ղ է գեթ մեկ հայկական փաստարկ բերել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջան կազմում:

«Հիմա ի՞նչ եք ուզում ասել՝ հայկական փաստարկներով, խնդիր չկա, հայկական փաստարկներով չի լուծվում էդ հարցը ու չի լուծվելու, հերիք է մենք խաբենք ինքներս մեզ», - պատասխանեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

«Հռոմի ստատուտը վավերացվելու է լիարժեք»

Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կրկին անդրադարձավ Հռոմի ստատուտին՝ ընդգծելով, այն վավերացվելու է լիարժեք, և դա որևէ կապ չունի Հայաստան -Ռուսաստան հարաբերությունների հետ, դա առնչվում է հայաստանի անվտանգային խնդիրներին:

Վարչապետն այսօր խորհրդարանում խոսեց նաև այն պնդումների մասին, թե իշխանությունները վերջին օրերին վարչական լծակի կիրառմամբ Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի հավաքներին պետական հիմնարկների աշխատակիցների են տանում։ Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, թե՝ «խոսում եք ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում եք գնալ նախընտրական հանդիպումների», Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց՝ եթե նման բան պարզվի, այդ պաշտոնյան գործից կհեռացվի։

«Եթե պարզվի, որևէ մակարդակի պաշտոնյա, որևէ աշխատողի վարչական լծակի օտագործմամբ տանում է հանդիպման, հանրահավաքի, ընտրության, էդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Ներում-բեկում չի լինելու... Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի էդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է , կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը՝ մեկ և կազատվի աշխատանքից՝ երկուս», - ընդգծեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ Հռոմի ստատուտը կվավերացվի