Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ և խնդիր չունի: Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար», - ասել է Զախարովան:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլև վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր՝ օգնության հասնելով ամենադժվարին պահերին, աջակցելով»:
Ռուսաստանը նույնպես միշտ կարողացել է ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ երբ չի կիսել որևէ որոշում, ընդգծել է Զախարովան։ «Բայց ընդունել է, քանի որ հարգել է այդ երկրի ինքնիշխան ընտրությունը», - ասել է նա։
«Վստահ չեմ, որ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքից հրաժարվելը օգուտ կբերի և՛ այս երկրին, և՛ ժողովրդին»», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե «նման հարաբերություններ չեն կարող կառուցվել մեկ տարում կամ հինգ տարում»:
Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում էլ Զախարովան հայտարարել է, թե Մոսկվայի մոտ ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում՝ ուղղված Երևանին և կապված Հայաստանի վերջին գործողությունների հետ, հատկապես՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սպասվող վավերացման լույսի ներքո։
«Ոչ թե մենք, այլ հայկական կողմն ինքը պետք է գնահատի, բացատրի Երևանի շարժառիթները։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, սակայն մենք դրանք ոչ բարեկամական քայլեր ենք որակում։ Այդ մասին մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին երկկողմ խողովակներով, որոշ պահից սկսած՝ նաև հրապարակայնորեն ,քանի որ հարցերը գնալով շատանում են», - պնդել է նա։
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հայաստանի Ազգային ժողով վավերացմանն ուղարկելուն, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ - «Դա պարզապես ինչ որ քայլ չէ։ Հայկական կողմն ակնհայտորեն հասկանում էր, որ դա մեզ մոտ հարցեր է առաջացնելու։ Դա քայլերի մի համալիր է։ [Հայաստանի] դեսպանին [Ռուսաստանի ԱԳՆ] հրավիրելու ընթացքում, երբ ներկայացնում էինք մեր բացատրությունները, խոսել ենք այդ մասին։ Խոսել ենք նաև հրապարակավ», - Մարիա Զախարովայի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։