Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար․ «Թուրան»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 3-ը մայիսի, 2023թ.

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։

Պաշտոնյաները նշել են, որ Բայդենի վարչակազմն արդեն մի քանի տարի փորձում է գտնել հակամարտության արդարացի, հարատև և կայուն լուծումը, և այդ գործընթացը չի ընդհատվել։

«ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի լուծումն է։ Մենք շատ անհանգստացած ենք այնտեղ ստեղծված իրավիճակով և կենտրոնացել ենք բոլոր հնարավոր միջոցներով լուծելու այն», - ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, նշելով, որ վերջին օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է վարել բոլոր մակարդակներով։

Անցած հանգստյան օրերին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպայի և Եվրասիայի հարցեով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ամենօրյա կապի մեջ է բոլոր կողմերի հետ և բազմիս այցելել է տարածաշրջան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը վերահաստատում է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակյա բացման կոչըԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղիներն էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ Ջեյհուն Բայրամովը և Յուրի Քիմը նորից հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական խնդիրը