ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկվա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունը նախատեսված է ինչ-որ կերպ կանխելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը, ասել է՝ ոչ, ամենևին՝ ոչ։
«Մենք կանոնավոր ուսուցանում և գործում ենք մեր գործընկերների հետ՝ աջակցելու պատրաստվածությանը և օպերատիվ փոխգործակցությանը մեր զինված ուժերի միջև։ Հայաստանը ԱՄՆ-ի երկարաժամկետ գործընկերն է՝ 2003 թվականից սերտ կապեր է պահպանում Կանզասի Ազգային գվարդիայի հետ Պաշտպանության նախարարության գործընկերության պետական ծրագրի շրջանակներում։
«Սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ իրադարձության հետ», - պնդել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Զորավարժությունների վերաբերյալ պատասխանելով նաև Ռուսաստանի արձագանքի հարցին, Մեթյու Միլլերն ասել է, թե հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևան երկրներ, նա պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասախոսություններ կարդալուց։
Երեկվանից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։ Ամերիկյան կողմից վարժանքներում ընդգրկված է 85, իսկ Հայաստանը ներկայացնում է 175 զինվորական։ Ծանր զինտեխնիկա չի կիրառվելու, միայն հրաձգային զինատեսակներ։ Եվ չնայած ամերիկյան կողմը հիշեցնում է, որ համատեղ զորավարժություններ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում Երևանն ու Վաշինգտոնն անցկացրել են սկսած դեռ 20 տարի առաջվանից՝ Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով քննադատում են Հայաստանի այս որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար