Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում երկուշաբթի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն:
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը 13-րդ րոպեին: Առերևույթ խաղից դուրս վիճակի պատճառով մրցավարը նախ դարպասի գրավում չարձանագրեց, սակայն VAR համակարգով ստուգումից հետո գրանցեց գոլը։
Խաղը մի պահ կարճ ժամանակով ընդհատվեց, երբ Հանրապետական մարզադաշտում սավառնում էր Արցախի դրոշը:
Your browser doesn’t support HTML5
Ընտրական մրցաշարի 5-րդ խաղից հետո Հայաստանի հավաքականը տվյալ պահին շարունակում է 7 միավորով 3-րդ տեղը գրավել D խմբի աղյուսակում: 1-ին և 2-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Խորվաթիան և Թուրքիան:
Այսօր խմբում նախատեսված է ևս մեկ՝ Լատվիա-Ուելս հանդիպումը: Ուելսը 4 խաղից հետո 4 միավորով մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հայաստանին, Լատվիան միավոր չի վաստակել և վերջին տեղում է:
Ընտրական մրցաշարում Հայաստանն անցկացնելու է ևս 3 հանդիպում՝ հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Լատվիային, նոյեմբերի 18-ին ընդունելու է Ուելսին և նոյեմբերի 21-ին հյուրընկալվելու է Խորվաթիային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է». Երևանում այսօր կկայանա Հայաստան-Խորվաթիա հանդիպումը