«Ռիսկը միշտ առկա է, պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի բանը էսկալացիայի և առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի», - այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն մեծ է նոր ռազմական գործողությունների ռիսկը:
Դիտարկմանը, թե տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն արձագանքեց. - «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք»։
Ըստ Սարգսյանի՝ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է՝ տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը Ակնայի (Աղդամի) ուղղությամբ է, որը հարակից է Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններին։
«Այդ ուղղությամբ նաև նկատելի են անընդհատ համալրումներ՝ և՛ զրահատանկային, և՛ հրետանային, և՛ հրթիռային զորքերի առումով։ Բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերն արդեն առաջնագծի բոլոր ուղղություններով», - ասաց Աբրահամյանը՝ իրավիճակն այս տեսանկյունից գնահատելով բավականին լարված, ինչը, նրա կարծիքով, կարող է բերել բավականին անցանկալի իրադարձությունների։
Օգոստոսի վերջից իրավիճակը սահմանին լարված է։ Սեպտեմբերի 1-ին այն վերածվեց ռազմական բախման։ Հայկական կողմը երեք զոհ ունեցավ, Ադրբեջանը երեք վիրավորի մասին հաղորդեց։
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Փաշինյանն ասաց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է՝ շեշտելով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Բաքուն շտապեց հերքել՝ Փաշինյանի հայտարարությունը որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հրատապ հանդիպում անցկացնելու առաջարկ չի ստացել․ Հաջիև