Հայ-թուրքական կարգավորման հարցով նշանակված բանագնացների վերջին հանդիպումից ավելի քան 1 տարի անց ոչ մի առաջընթաց չկա գործընթացում։ «Ազատությունը» հետաքրքրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանից, թե կա արդյո՞ք որոշակիություն սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար բացելու հարցում, արձագանք չենք ստացել։
Մինչ այդ 2 ամիս առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Ռուբինյանը շեշտել էր՝ մի պայմանավորվածություն հստակ է. - «Այս հարցով կա մեկ հստակ պայմանավորվածություն՝ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել իմ և Թուրքիայի հատուկ ներկայացուցչի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին, որից հետո մենք հրապարակել ենք հայտարարություն, որում գրված է, որ կողմերը պայմանավորվել են ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար»:
Հայաստանի բանագնացը հղում է անում անցյալ տարվա հուլիսի 1-ին իր և Թուրքիայի ներկայացուցչի բանակցություններից հետո տարածված հայտարարությանը, որով կողմերը տեղեկացրել էին պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Չավուշօղլուն արդեն տեխնիկական խնդիրներ է նշումԱրդեն այս տարվա ապրիլին որպես սահմանի բացման ժամկետ սկսեցին նշել այս տարվա ամառը, որը ևս անցավ, իսկ սահմանից նորություն չկա։
Երկու ամիս առաջ Հանրայինի եթերում Ռուբինյանը նաև նշել էր. - «Սա այն կետն է, որից հետո հասկանալի կլինի Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործվում են, թե՝ չէ, որովհետև նման դեպքերում շատ կարևոր է, որ մանավանդ առաջին ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործվեն, որովհետև երբ որ վստահության պակաս կա, բնականաբար, եթե առաջին պայմանավորվածությունը իրագործվում է, վստահության մակարդակը բարձրանում է, եթե չի իրագործվում, եղած քիչ վստահությունն էլ ավելի է քչանում, իսկ դա լավ բան չէ»:
Այս հայտարարությունից 2 ամիս անց էլ որևէ տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում չկա։ Մինչ այդ հայտնի է, որ հայկական կողմը Մարգարայի կամրջի հարևանությամբ շարունակում է մաքսային անցակետ կառուցել, Կառավարությունը այս նախագծի համար միջոցներ ամիսներ առաջ էր հատկացրել։
Հայ-թուրքական հարաբերություններում Անկարան կարմիր գիծ ունի. քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը նկատում է, որ հայ-թուրքական հարաբերություններում Անկարան կարմիր գիծ ունի, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։
«Հիմա բոլոր քննարկումները թե՛ ներհայաստանյան, թե՛ հայ-թուրքական, նրա շուրջ էին, թե այդ կարմիր գիծը որտեղով է անցնում և ինչ է հնարավոր անել մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորումը: Իմ ընկալումն այն է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշման և ընկալման մեջ կար մոտեցում, որ երրորդ երկրների համար սահմանի բացումը գտնվում է մինչև այդ քաղաքական առաստաղը ու չի բացառվում, որ ինչ-որ պահի թուրքական քաղաքական վերնախավի համար հենց այդպես էլ կար», - ասաց Քոչինյանը:
Արդյո՞ք Երևանի ու Բաքվի միջև էլ ավելի բարդացող հարաբերությունների ֆոնին փոխվել է Անկարայի մոտեցումը, թե ի սկզբանե թուրքական կողմը անկեղծ չի եղել խոսակցության ընթացքում, Քոչինյանը դժվարանում է պատասխանել, սակայն հստակ է, որ բանագնացների միջև ձեռք բերված առաջին ու գլխավոր պայմանավորվածությունը չի կատարվել։
«Բայց հանդիպում, այո, չի եղել և դա ցուցիչ է նրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մտել է նոր ստագնացիայի մեջ», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռ չի հստակեցվում, թե ինչ փուլում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու գործընթացըՄեկ շաբաթ առաջ հայ-թուրքական հարաբերությունների հարցին անդրադարձել էին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը, որը մասնավորապես նշել էր, որ մոսկվան շահագրգռված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։
«Ես ճիշտն ասած, հեռու եմ այն մտքից, որ ռուսաստանը ուզում է տեսնել հայ թուրքական հարաբերությունների կարագավորումը, ինչո՞ւ, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված լինելը Ռուսաստանի՝ Հայաստանում ներկայության գլխավոր խարիսխներից մեկն է, պայմանականորեն ասած, մենք գնանք թուրքերը ձեզ կուտեն արտահայտությունը Ռուսաստանի մեր տարածաշրջանում և Հայաստանում ազդեցության խարիսխն է, և իրենք, բնականաբար, ինքնակամ այդ խարսխից չեն հրաժարվել», - նշեց նա:
Երևանի ու Անկարայի միջև վերջին շփումը տեղի է ունեցել հունիսի 28-ին, երբ կայացավ հեռախոսազրույց Փաշինյանի և էրդողանի միջև, հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկել էին նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը, որևէ այլ մանրամասն չկար։