Հավատալ, թե ԵՄ-ն ուզում է Վրաստանն օգտագործել՝ երկրորդ ճակատ բացելու Ռուսաստանի դեմ, խելագարություն է. Բորել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 8-ը սեպտեմբերի, 2023թ.

«Հավատալ, թե Եվրոպական միությունն, իբր, ցանկանում է Վրաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար՝ խելագարություն է, մի լսեք նման բաներ», - Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Խելագարություն է մտածել, թե որևէ մեկը Եվրամիությունում ցանկանում է պատերազմ տեսնել Վրաստանում։ Շատ եմ ցավում, որ նման սուտ լուրեր են տարածվում։ Որովհետև դրանք խնդիր են ստեղծում։ Դա քարոզչություն է և ապատեղեկատվություն», - ընդգծել է Բորելը:

Նրա խոսքով՝ այդօրինակ քարոզչության նպատակն է թունավորել ժողովրդին, խեղաթյուրել ամեն բան և անվստահություն ստեղծել երկրում։ «Ռուսական քարոզչությունը շատ ակտիվ է», - ընդգծել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. ԲորելՎրաց ժողովուրդը կիսում է Եվրամիության արժեքները և աջակցում է ԵՄ ինտեգրմանը. Բորել