Ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին, Սումիին և Զապորոժիեին:
Կրիվոյ Ռոգում, ինչպես հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը, ռուսական հրթիռը վարչական շենք է խոցել: «Նախնական՝ 1 զոհ և 9 վիրավոր, 3-ը դուրս են բերվել փլատակներից։ Ավտոտնակներ են հրդեհվել։ Հրդեհ է 200 քմ տարածքում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է այն շենքին, որտեղ գտնվում էր նաև ոստիկանական բաժանմունքը, ոստիկան է զոհվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս 3 հոգու, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Գերատեսչությունից նշել են, որ ոստիկանության 6 աշխատակից ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն ավելի ուշ հայտնել է, որ Կիևի ժամանակով ժամը 10-ի դրությամբ Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 25-ի։
Սումիում հրթիռը հարվածել է առանձնատան, որն ամբողջությամբ ավերվել է։ Մարզային արտակարգ ծառայության տվյալներով՝ փրկարարները տան փլատակներից դուրս են բերել տղամարդու և կնոջ, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, վիրավորվել է մեկ մարդ, պայթյունի էպիկենտրոնի մոտ գտնվող 30 բնակելի բարձրահարկ շենքերի և մի քանի ուսումնական հաստատությունների ապակիներ պայթյունի ալիքը կոտրել է։