Մատչելիության հղումներ

Դոնեցկի մարզում ռուսները հրթիռակոծել են Կոնստանտինովկա քաղաքի շուկան


Ռուսական զորքերն այսօր կեսօրին հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի շուկան։ Վերջին տվյալներով, զոհվել է 16, վիրավորվել՝ 31 մարդ։

Բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, պնդում են Ուկրաինայի իշխանությունները։ Մահացածների թվում երեխա կա, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Եթե աշխարհում ինչ-որ մեկը դեռ փորձում է ինչ-որ գործ ունենալ ռուսների հետ, ուրեմն իրականությունից հեռու է։ Այս ժամին ռուս ահաբեկիչների հրետանին Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում սպանել է 16 մարդու։ Սովորական շուկա. խանութներ, դեղատուն, մարդիկ, ովքեր մեղավոր չեն։ Շատ վիրավորներ։ Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը դեռ կարող է աճել։ Ռուսական այս չարիքին պետք է հնարավորինս արագ հաղթել», - Իր Տելեգրամ ալիքում գրել է նախագահ Զելենսկին։

Այսօր Կիևում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով, CNN-ի տվյալներով, հայտարարելու մեկ միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին։

Արտգործնախարար Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ Բլիքենը կրկին խոսել է ամերիկյան աջակցության մասին. - «Շատ շնորհակալ եմ, իմ ընկեր: Միշտ լավ է և իրականում ոգեշնչող է լինել Ուկրաինայում, վերադառնալ Ուկրաինա: 2022 թվականի փետրվարին ռուսական ագրեսիայից հետո ես արդեն չորրորդ անգամ եմ Ուկրաինայում: Ամեն անգամ, երբ ես այստեղ եմ, ես ապշած եմ ուկրաինացի ժողովրդի, ուկրաինական ուժերի, Ուկրաինայի ղեկավարության արտասովոր խիզախությունից և տոկունությունից: Եվ ես այստեղ եմ, առաջին հերթին, ցույց տալու մեր շարունակական և վճռական աջակցությունը Ուկրաինային»։

Կրեմլի խոսնակն արդեն արձագանքել է՝ կրկին պնդելով, թե ամերիկյան աջակցությունը չի ազդի պատերազմի ընթացքի վրա. - «Մենք բազմիցս լսել ենք, որ նրանք շարունակելու են օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այսինքն՝ նրանք պատրաստվում են պատերազմական իրավիճակում շարունակել աջակցել Ուկրաինային և այս պատերազմը տանել մինչև վերջին ուկրաինացին՝ առանց փող խնայելու։ Մենք դա այսպես ենք տեսնում, մենք դա գիտենք, և դա չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա»։

Մինչդեռ ռազմաճակատում իրավիճակը հօգուտ ռուսների չէ։ Համենայն դեպս հարավում, որտեղ ուկրաինացիներն առաջ են գնում։ Ռուսների օկուպացիոն իշխանությունները հայտարարել էին, թե ռուսական ուժերը դուրս են եկել Ռոբոտինո բնակավայրից։ Սակայն պաշտպանության նախարարությունը այսօր կրկին հայտարարել է, թե տակտիկական փոփոխություններ Զապորոժիեի մարզում չկան։ Ամեն դեպքում, արևմտյան ռազմական մասնագետները պնդում են, որ ուկրաինացիներին հաջողվել է ճեղքել ռուսների պաշտպանության առաջին գիծը և հաղթահարել ականապատ դաշտերը Զապորոժիեի մարզում։

Միևնույն ժամանակ, իրավիճակը բավակաին բարդ է ճակատի արևելյան հատվածում Ավդեևկայի և Կուպյանսկի ուղղություններում, որտեղ ռուսները փորձում են առաջ գնալ։

XS
SM
MD
LG