Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստանում է վաղը հրաժարական տալ, թերևս իր վերջին հրամանագրերով էլ փոփոխում պետնախարարին ու նորին նշանակում. Գուրգեն Ներսիսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց Հարությունյանը՝ պնդելով՝ հեռանալու որոշումը բացառապես իրենն է։
Հնարավոր զարգացումների պայմաններում, Հարությունյանի ձևակերպմամբ, մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուրգեն Ներսիսյանն ազատվել, Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի պետնախարար«Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին», - նշել է Հարությունյանը:
Թե ի՞նչ նոր մարտավարության մասին էր խոսում հեռացող նախագահը, պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնեց 2020-ի մասիսի 21-ին՝ Շուշիում անցկացված երդմնակալության արարողության ընթացքում։
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը ղեկավարած Հարությունյանը պարտության ողջ պատասխանատվությունը չի վերցնում իր վրա, այսօր էլ իր բաժին մեղքի համար է ներողություն խնդրել։ Հետպատերազմյան իր կառավարմանն անդրադառնալով՝ կարծիք է հայտնել, թե ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում կյանքը վերադարձրել է որոշակի կայուն հուն:
«Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը», - նշել է նա։
Հավաստիացրել է, թե հեռանալով նախագահի պաշտոնից, ընտանիքի՝ Արցախում գտնվող անդամների հետ շարունակելու է ապրել այնտեղ, աջակցելու է երկրի գործող իշխանություններին:
Չնայած օրեր շարունակ շրջանառվող լուրերին՝ ընդամենը ժամեր առաջ ԱԺ-ի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը հավաստիացնում էր, թե նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում։
«Չի համապատասխանում նաև այն փաստը, որ քննարկվում է նախագահի հրաժարական ու իմ կողմից նախագահի պաշտոնը ստանձնելը», - ասաց Իշխանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա․ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծըԱրցախի Սահմանադրությամբ՝ նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում։
Վերջերս փոփոխված ԱԺ կանոնակարգ օրենքով՝ Արցախի նախագահին կընտրի խորհրդարանը՝ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ռազմական դրության ժամանակ, իսկ Արցախում հենց ռազմական դրություն է, ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը՝ այսինքն մինչև 2025 թվականը։
Արայիկ Հարությունյանն այսօր նաև հայտարարեց, թե նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին տրվել են լայն լիազորություններ: Թե ի՞նչ է դա նշանակում, Հարությունյանը չի մանրամասնում, պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում լիազորությունների վերաբերյալ մանրամասներ չկան։
Երբ մի քանի ամիս առաջ Ռուբեն Վարդանյանն էր ստանձնում պետնախարարի պաշտոնը, նրան էլ նույն խոստումը տրվեց, ու Վարդանյանի վերահսկողությանը նաև արտաքին գերատեսչությունն ավելացավ։ Բայց արտաքին քաղաքական ոլորտը չհամակարգող Գուրգեն Ներսիսյանին ներկայացնելիս էլ Արայիկ Հարությունյանը նույն ձևակերպումն էր տալիս՝ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ։
Վերջին անգամ՝ այս տարվա մարտին ադրբեջանցիների հետ հանդիպած արցախյան կողմի բանակցողների մեջ էր նաև Սամվել Շահրամանյանը։ Մամուլն արդեն գրում է, որ հենց նա էլ կընտրվի Արցախի հաջորդ նախագահ։
Նորանշանակ պետնախարարը, ըստ տարբեր աղբյուրների, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Շահրամանյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։
Մետաքսե Հակոբյանը Հարությունյանի հրաժարականը հրամայական է համարում
Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի տրամադրություններին չհաջողվեց ծանոթանալ, ի վերջո, եթե Հարությունյանն իսկապես վաղը հեռանա, հենց նրանք են թեկնածու կամ թեկնածուներ առաջադրելու։ Մեր բազմաթիվ հեռախոսազանգերը պատգամավորներն անպատասխան թողեցին։
Ընդդիմադիր «Արդարության» քարտուղար Մետաքսե Հակոբյանը չշտապեց ասել՝ արդյոք նախագահի թեկնածու կառաջադրեն, հորդորեց սպասել Հարությունյանի հրաժարականին։ Տեղյակ չէր՝ որևէ խմբակցություն պատրաստվում է Շահրամանյանի թեկնածությունը ներկայացնել, թե՝ ոչ։ Բայց շրջանառվող լուրերն ինքն էլ է լսել։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հրամայական համարեց:
«Պատերազմից հետո բոլոր որոշումները, որոնք կայացվեցին, դրանք ի վնաս էին Արցախի, և այդ բոլոր որոշումներն արտաքին ճնշման ներքո էին, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ճնշումների արդյունքում: Եթե չի կարողանում գնալ Արցախն այս վիճակից հանող ուժեղ քայլերի, հետևաբար պետք է դերակատարների փոփոխություն լինի: Այս ժողովուրդը, որն արդեն 9 ամիս շարունակ իր կամքը դրսևորում է, իր որոշման հետևից գնում է, հնարավորություն կա հենց իշխանությունների միջոցով, որպեսզի այդ կամքը իրականանա: Ինքնորոշման իրավունքի, ինչու չէ նաև մեր անկախության հետևից գնալու որևէ բան մեր կյանքում ու նպատակներում չի փոխվել», - ասաց Հակոբյանը:
Հարությունյանի հրաժարականի հայտարարությունը հակասական է ընդունվել Հայաստանում: Շատերը պնդում են, որ Արցախի շուրջ ստեղծված անորոշության պայմաններում այս քայլը խարխլում է նախագահի ինստիտուտն ընդհանրապես։ Ոմանք էլ սա դրական զարգացում են համարել, այդ գործիչների թվում է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով հույս է հայտնել, թե նախագահ ընտրվելու դեպքում Սամվել Շահրամանյանը Արցախի համար կենսական հարցերում առավել հստակ ու նպատակադրված քաղաքականություն կվարի։
Հայաստանի վարչապետը մինչև հիմա չի արձագանքել Արայիկ Հարությունյանի այս որոշմանը: