Մատչելիության հղումներ

Արցախցիները ողջ գիշեր հսկել ու շարունակում են հսկել Աղդամ-Ասկերան փակ ճանապարհը


Ադրբեջանական ալյուրով բեռնված երկու բեռնատարները Աղդամում դեռ սպասում են։ Բաքուն երեկվանից փորձում է 40 տոննա ալյուր ուղարկել Ստեփանակերտ, առայժմ անարդյունք։ Երեկվանից ողջ գիշեր ու հիմա Աղդամ-Ասկերան փակ ճանապարհը արցախցիները հսկել են, ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։

«Հիմա վրանները տեղադրված են, ամբողջ գիշեր այնտեղ են եղել մեր քաղաքացիները։ Ինչքան իրենք այնտեղ լինեն, մենք էլ էստեղ փակ պահելու ենք ճանապարհը», - ասաց նա։

Ռուս խաղաղապահների հենակետի Աղդամի կողմում ադրբեջանական բեռնատարներն են և վրաններ՝ «կարմիր մահիկ» կազմակերպության տարբերանշանով, հենակետից այս կողմ՝ 500 մետրի վրա, արցախցիների վրաններն են։

«Ընդհանրապես չենք ուզում մեր թշնամուց ստանալ որևէ բան», - նշեց Համլետ Ապրեսյանը։

Բաքվի լրատվամիջոցները փոխանցում են ադրբեջանական Կարմիր Մահիկի գլխավոր քարտուղար Միրզոևի խոսքերը, թե սպասում են, որ ռուս խաղաղապահները պայմաններ ստեղծեն բեռների տեղափոխման համար, հընթացս հավաստիացնում, որ խաղաղապահներին են փոխանցել առաքվող բեռի որակի հավաստագիր։ Բաքվի լուրերում ահազանգ կա, թե ռուս խաղաղապահները հումանիտար բեռի ճանապարհը փակելու համար նաև փշալար են տեղադրել։

«Փշալարը, իմ կարծիքով, եղել է, մեր կողմում համենայն դեպս, միշտ եղել են, այն կողմում չգիտեմ, չեմ եղել, որ իմանամ՝ նոր են տեղադրել, թե չէ։ Այդտեղ միշտ էլ փակ է եղել ճանապարհը, իրենք էլ չեն թողել, ու ըստ իրենց՝ չեն էլ պատրաստվում բաց թողնել», - հավելեց Ասկերանի վարչակազմի ղեկավարը։

Այսօր Արցախում ամեն ընտանիքի մեկ հաց են վաճառելու, ալյուրի պաշարները սպառվում են։ Այդ մեկ հացն էլ տրամադրվելու է Պետեկամուտների կոմիտեի, ոստիկանության ու համայնքապետարանի հսկողությամբ։ Ադրբեջանական ալյուրը հայկական Խրամորթից մեկ կիլոմետրի վրա է։

Թող մեկ հատ հաց լինի, թող սև լինի, թող չոր լինի, Աղդամից ոչինչ չենք ուզում, համագյուղացիների կարծիքն է փոխանցում խրամորթցի Հասմիկ Անդրյանը. - «Մենք ոչ մի բան չենք ուզում իրենցից, մենք մեր հացը մի կերպ կճարենք, կուտենք, երբեք իրենցից ոչ մի բան չենք վերցնի, ոչ մի օգնություն»։

Արցախցի կինը Բաքվին է դիմում՝ ձեր դիպուկահարը կրակում, սպանում է մեր ցորենի արտը հնձող կոմբայնավարին, հետո դուք ալյուր եք ուղարկում, չենք ուզում։

Անլույս, անգազ, դատարկ խանութների, դատարկ սառնարանների պայմաններում ապրող, մեկ հացի համար հերթերում գիշերներ լուսացնող արցախցիները այսօր բառացիորեն շրջապատված են հումանիտար բեռներով։ Ադրբեջանական ալյուրը Աղդամում, որ արցախցիները սպառնալիք են համարում, իսկ Լաչինի միջանցքում՝ Հայաստանի կառավարության ուղարկած 400 տոնննա մթերքն ու դեղորայքն են, ևս երկու բեռնատար քաղցրավենիք «Գրանդ քենդիից», Կոռնիձորում կուտակված օգնությանն այսօր միացան Ֆրանսիայի 10 բեռնատարները։

Արցախի շուրջ համով մեքենաները շատանում են, ներսում սրվում ամեն ինչի կարիքը։

«Մենք տեսնում ենք միայն այն, ինչ Բերձորի միջանցքում է» ,-ասում է արցախցի Արմինենե Մաթևոսյանը. - «Մեզ համար տեսանելի է միայն մայր Հայաստանի և մեկ էլ քաղաքակիրթ, քրիստոնյա աշխարհի մուտք գործած օգնությունը, ոչ թե թուրքի կողմից, էն էլ որ թուրքի, որ երկու օր առաջ մեր երիտասարդներին առևանգեց, տարավ, ու տենց բազմաթիվ դեպքեր։ Նրանցից ի՞նչ օգնություն»։


Ասում է՝ այսօր Արցախում շատերն էին ժպտում, հիշելով, որ ֆրանսիական օգնությամբ լի բեռնատարների վրա Արցախ է գրված. - «Այսօր բոլորը ուրախացած, սոված է, խանութները ընդամենը բոլոր տեղերում մի հաց են տալիս, բայց որ կարդացել ենք, որ մեքենաների՝ բեռնատարների վրա գրված է «Արցախ», դարձել է հաց, ջուր, բոլոր տեսակի սնունդների տեղը, անգամ դեղ է դարձել մեզ համար»։

Այն, ինչ Բաքուն է առաջարկում, արցախցի կինը թատրոն է համարում բարության ու քաղաքակրթության ցուցադրություն աշխարհի համար։ Արմինե Մաթևոսյանն ասում է՝ Կոռնիձորում կուտակված բեռնատարներն են հույս տալիս, որ մենակ չեն։




XS
SM
MD
LG