Ռուսաստանը ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր

Russia Ukraine War

Ռուսաստանի միանգամից 5 շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, Պսկովի օդանավակայանում ռազմատրանսպորտային օդանավեր են ոչնչացվել, իսկ Ուկրաինայի վրա ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Կիևում երկու մարդ է զոհվել։

Պատերազմի սկզբից ի վեր անցած գիշերվա հարձակումը Ռուսաստանի վրա անօդաչուների ամենազանգվածային հարձակումն էր։ Կրեմլի մամուլի խոսնակն ասել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է հարձակման մասին, նշելով, որ գլխավոր և գերագույն հրամանատարը մշտապես և օպերատիվ ստանում է ողջ տեղեկատվությունը։

Դիմտրի Պեսկովը ահաբեկչություն է որակել դրոնների հարձակումը։ Փաստորեն, երբ Ռուսաստանն է հրթիռներով, դրոններով ու ավիացիայով ռմբակոծում Ուկրաինային, ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն խաղաղ բնակիչների զոհերի թիվը մոտենում է 9,5 հազարի՝ Ռուսաստանը դա «հատուկ ռազմական գործողություն» է կոչում, իսկ ուկրաինական հարձակումները՝ ահաբեկչություն։

«Իսկապես շարունակվում է Կիևի ռեժիմի ահաբեկչական ակտիվությունը, անօդաչուների գերակշիռ մեծամասնությունը թռչում է քաղաքացիական օբյեկտների վրա։ Մենք շարունակում ենք և կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի արմատախիլ անենք նման սպառնալիքները մեզ համար»,- այսօր ասել է Կրեմլի խոսնակը։

Իսկ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուների հարձակումն «անպատիժ չի մնա»։

Նախնական տեղեկություններով՝ Ռուսաստանում մարդկային զոհեր չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում և Կիևի մարզում գիշերը պայթյուններ են լսվել, Ուկրաինան հաղորդում է երկու զոհի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը անօդաչուներ են հարձակվել Ռուսաստանի հինգ շրջանների և Սևաստոպոլի վրա

Ամենաուժեղ հարձակումը կատարվել է Պսկովի օդանավականայի վրա։ Այնտեղ հրդեհվել է ռազմատրանպորտայաին Իլ-76 օդանավ, ևս չորս օդանավ վնասվել է, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ ըստ ուկրաինական կողմի՝ 4 օդանավ է ոչնչացվել, ու մի քանիսը՝ վնասվել։

Պսկովի բնակիչները տասնյակ պայթյունների, կրակոցների ձայներ են լսել, կրակոցները հավանաբար ուղղված են եղել դրոնների վրա։ «Պսկովսկայա Գուբերնիա» Տելեգրամ ալիքը գրել է, որ «երկաթուղային կայարանի ու օդանավակայանի տարածքի ամբողջ գոտին ծխի ու կրակի մեջ է, հրդեհը շատ ուժեղ է»։

Օդնավակայանը օգտագործվում է թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական օդանավերի համար։ Պսկովը Ուկրաինայի սահմանից ուղիղ գծով հեռու է 700 կիլոմետր։

Անօդաչուների հարձակումների են ենթարկվել Բրյանսկի, Ռյազանի, Կալուգայի, Օռլովի շրջանները։ Բրյանսկում խոցված անօդաչուներից մեկի բեկորները ընկել են «Կրեմնիյ ԷԼ» գործարանի տարածքում, որը Ռուսաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենախոշոր գործարաններից մեկն է։ Քաղաքի վարչակազմը բնակիչներին հորդորել է չհրապարակել հարձակման ենթարկված օբյեկտների հասցեները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության և տեղական իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է, ոչնչացվել է նաև ծովից Սևաստոպոլի նավահանգստի ուղղությամբ շարժվող անօդաչուն։ Մեկ ԱԹՍ չեզոքացել է Մոսկվայի մոտ։ Գիշերվա մեջ Տուլայի ու Մոսկվայի մարզի օդային տարածքի մի մասը փակվել է, ժամանակավորապես փակվել էին «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդնանավակայանները։

Ինչ վերաբերում է ռուսական ուժերի հարձակումներին, ապա ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ Տու 95 օդանավերից, Կասպից ծովի շրջանից Ուկրաինայի վրա 28 թևավոր հրթիռ է արձակվել։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի փոխանցմամբ՝ բոլոր հրթիռները ոչնչացվել են։ «Շահեդ» հարվածային 16 անօդաչուներից 15-ը ևս ոչնչացվել են։

Կիևի վրա հրթիռի բեկորները Շևչենկոյի շրջանում ընկել են վարչական շենքի վրա, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նախնական տեղեկություններով՝ նրանք պահակային ծառայության աշխատակիցներ էին։