Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հաղթանակը կհանգեցնի Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության վերականգնմանը. Զելենսկի


Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ պատերազմում կհանգեցնի Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչպես նաև Բելառուսում ժողովրդավարական փոփոխությունների, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հեռարձակված ծավալուն հարցազրույցում։ Նա պնդել է, որ հաղթանակը պետք է լինի այնպիսին, որ բացառի պատերազմի կրկնության հնարավորությունը։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պիտի վերականգնվի 1991 թվականի սահմաններում։ Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով, եթե ուկրաինական բանակը հասնի Ղրիմի հետ վարչական սահմանին, ապա հնարավոր կլինի «քաղաքականորեն ավարտել Ռուսաստանի ապառազմականացումը թերակղզու տարածքում»։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է երկարատև պատերազմի, եթե դա ահնրաժեշտ լինի կորուստները նվազագույնի հասցնելու համար։


Միաժամանակ, Զելենսկին թերահավատորեն է վերաբերվել ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու հնարավորությանը։

«Այդ դեպքում մեծ է վտանգը, որ մենք մենակ կմնանք»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով արևմտյան գործընկերների պահանջները՝ արևմտյան զենքով ռուսական տարածքին չհարվածելու վերաբերյալ։

Ինտենսիվ մարտեր Խարկովի մարզի Կուպյանսկ շրջանում

Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, կիրակի լույս երկուշաբթի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի շատ շրջաններում, ռուսները հրթիռային հարված են հասցրել Պոլտավայի շրջանին։

Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, երկուսը վիրավորվել են, ևս մեկը անհետ կորած է համարվում։

Առավոտյան ռուսական հարձակմանն է ենթարկվել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգը, ապա՝ Խերսոնի շրջանի Սադովոյե գյուղը, կա մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր։

Ինտենսիվ մարտեր են նաև Խարկովի մարզի Կուպյանսկ շրջանում, այստեղ ռուսական բանակը հայտարարում է առաջ շարժվելու մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Զապարոժիեի շրջանում և վերահսկողության տակ է վերցրել Մելիտոպոլի ուղղությամբ Ռոբոտինո գյուղը։

Գիշերը դարձյալ անօդաչու թռչող սարքեր են երևացել նաև Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանում, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դրանք, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գրել է, որ անօդաչու թռչող սարքը թռչում էր մայրաքաղաքի ուղղությամբ։ Ըստ նրա՝ նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները օգոստոսի 28 -ի գիշերը մոտ մեկ ժամով դադարեցրել են աշխատանքը։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցվել է Ուկրաինայի սահմանակից Բրյանսկում, երկու անօդաչու սարք և թևավոր հռթիռ՝ Ղրիմի երկնքում։

Պատերազմը մեկուկես տարի է շարունակվում է, հունիսին սկսվել է ուկրաինական բանակի հակագրոհը երկրի հարավում։ Երկուսուկես ամսվա համառ մարտերի ընթացքում, սակայն, ուկրաինացի զինվորականները չեն խախտել ռուսական պաշտպանական գիծը։ Հարձակումը շարունակվում է, դրա նպատակը շարունակում է մնալ նույնը` կտրել այսպես կոչված ցամաքային միջանցքը Ռուսաստանից դեպի բռնակցված Ղրիմ:

Ուկրաինայի պատերազմի մասին երեկ հիշատակել է նաև Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքի ընթացքում՝ կոչ անելով չմոռանալ Ուկրաինան և ուկրաինայի ժողովրդին, որ շատ է տառապում պատերազմի պատճառով։

XS
SM
MD
LG