Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ 14 քաղաքական ուժերի մի մասը հանդիպումներ է անցկացնում, պտտվում փողոցներով ու բակերով, մյուսներն առայժմ պասիվ են՝ սոցցանցերում հոլովակներ, հարցազրույցներից հատվածներ են հրապարակում։

Իշխանափոխության հասնելու օրակարգով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը, պատգամավորական մանդատից հրաժարված Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, առավոտից Արաբկիրում էր։ Աշխարհահռչակ Quenn-ի հանրահայտ երգի ռոքային հնչյունների ներքո շրջում են փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ:

«Մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն իրականացնելու համապետական մասշտաբով: Իշխանափոխությունն այն կարևորագույն նախապայմանն է, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը», - հայտարարեց Թևանյանը:

Իրավաբան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանին քաղաքապետի պաշտոնում տեսնող «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Շենգավիթում էր: Սոցցանցերում էլ քարոզչական հոլովակներ են հրապարակում. - «Մեր առջև այսօր Երևանն անրդյունավետ կառավարելու խնդիր է դրված, մեր բոլորի՝ ամեն մի երևանցու, վերցնենք Երևանի կառավարման ղեկը մեր ձեռքը, մեր Երևանի իրական տերը դառնանք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

«Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն «Ապրելու երկիր» և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ավագանու թեկնածուների հետ այսօր քաղաքի խնդիրների թեմայով ասուլիսի էր մասնակցում։ Խոսում քաղաքային պլանավորումից, լայնածավալ կառուցապատումից:

«Երևան քաղաքում 30 տարի շարունակ իրականացվել է հախուռն կառուցապատում և մենք ունեցել ենք շատ ընդհանրական կանոնակարգող փաստաթուղթ, դա եղել է քաղաքի գլխավոր հատակագիծը, որը 2020 թվականին իր իրավական ուժը կորցրել է այն ամսով, որ սպառվել է և նորը չկա: Այս ընտրություններին մենք մասնակցում մենք ունենալով մի նախընտրական դրույթ, որը վերաբերում է քաղաքի մաստերպալնը ներդնելուն», - ասաց Խաժակյանը

Սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրած «Ապրելու երկիրն» այսօր ավելի ուշ Քանաքեռ -Զեյթունում էր քարոզարշավ անցկացնում։

Այս քաղաքական ուժը նույնպես հայտարարել է իշխանափոխության հասնելու նպատակի մասին՝ շեշտելով, որ այս գործընթացը հենց ավագանու ընտրություններ են սկսում. Ի՞նչ կապ ունեն մայրաքաղաքի խնդիրներն անվտանգային հարցերի, Արցախում ստեղծված իրավիճակի հետ, հարցրինք քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին:

«Ինչպե՞ս է Երևանը որպես քաղաք կապվում այդ իրավիճակին, բանը նրանում է, որ Երևանը մայրաքաղաք լինելով քաղաքական տոն է տալիս ամբողջ հանրապետությանը և երբ այստեղ քաղաքական փոփոխություն տեղի ունենա այդ ազդեցությունը միանգամից տարածվելու է հանրապետության վրա և ինչը ամենակարևորն է, նաև արտաքին ազդակներ է հղելու, որ այստեղ իշխանության է եկել մի ուժ, որի համար այլ սկզբունքներ ու արժեքներ կան, քան գործող իշխանության, մասնավորապես, Արցախի հարցով», պատասխանեց Թանդիլյանը:

Քաղաքապետի թեկնածուներից Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն Արաբկիրում քարոզարշավ անցկացրեց։ Գործարար Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը, որի ցուցակը նախկին դատախազ Նելլի Հարությունյանն է գլխավորում, Շենգավիթում էր։

2021-ին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առայժմ որևէ հանրային միջոցառման չի ներկայացել։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերն էլ սոցցանցերում են հրապարակումներ անում։