Քարոզարշավի մեկնարկը «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սկսեց Նուբարաշեն համայնքից: Բնակիչներն Ավինյանին ներկայացրին տրանսպորտի, ոռոգման ջրի, աղբավայրից բուրող գարշահոտի, գազի և այլ խնդիրներ:
Տիգրան Ավինյանը նախընտրական կարգախոսով պատասխանեց՝ «ասեք՝ անենք, ժողովուրդ ջան»: Շրջեց բակերով, ներկայացրեց իր արածն ու ընդգծեց չարածից տեղյակ են, կլուծեն:
Արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը քարոզարշավի էր եկել քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի հետ:
«Ազատության» հարցին՝ «սա արդեն անհավասար մրցապայքար չե՞ք դիտարկում, ի վերջո, որպես փոխքաղաքապետ ձեր արածը հիմա որպես քաղաքապետի իշխանական թեկնածու եք ներկայացնում ու ասում, որ կշարունակեք, այդ քննադատությունն անգամ դիտորդական երկու խումբ է արել», պատասխանեց. - «Վարչության այդ պետերը, որոնց տեսնում եք, նաև մեր ցուցակում են, ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում վատ եմ արել, այլ մեղադրում են, որ արել եմ: Այգիներ, պուրակներ, մանկապարտեզներ, 35 հեկտար անտառ է տնկվել, 2025-ի ավարտին չպետք է մնա մանկապարտեզ, որ դեռ վերանորոգված չէ: Բարեկարգվում են բակեր... դուք ասել եք, մենք արել ենք, «ասեք ու մենք դա կանենք, ժողովուրդ ջան: Յուրաքանչյուր գործ անելու համար մեզ պետք է կամք, ունենք դա: Ինչպես համայնքի ղեկավարներն իրենց համայնքի խնդիրների համար կռիվ են տալիս ինձ հետ, ես էլ Երևանի խնդիրների լուծման համար եմ կռիվ տալիս կառավարության հետ (լավ իմաստով): Այսպես են լուծվում խնդիրները՝ առողջ կռիվներով»:
«Ազատության» հաջորդ հարցին՝ ընդունո՞ւմ է, որ չկարողացան լուծել Երևանի փոշու հարցը, Ավինյանն արձագանքեց՝ «սեպտեմբերի 1-ից կգործի օրենքը, կտեսնեք»: