Բարձրաձայնելով Բաքվի դիրքորոշումը՝ Ադրբեջանի Կարմիր մահիկը խախտում է Շարժման սկզբունքները. Հայկական Կարմիր խաչ

ԿԽՄԿ ավտոմեքենան Արցախում, արխիվ

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը, այդ թվում՝ այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով, հայտարարում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։

2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները», - ասված է հայտարարությունում:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից: Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը», - հայտարարում է Հայկական Կարմիր խաչը՝ կոչ անելով «Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԽՄԿ-ն «որոշում կայացնողներին» փոխզիջման կոչ է անում՝ հնարավոր դարձնելու վերսկսել հումանիտար մատակարարումները ԱրցախՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի