Ծնողների կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված 12-ամյա աղջնակն ու իր փոքր քույրերն ու եղբայրներն այս պահին մանկական խնամքի կենտրոններից մեկում են։ Երեխաների շահերից ելնելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնի անունը չի նշում։ Անչափահասներին հանդիպած մասնագետներից ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը հանգստացնում է՝ ապահով ձեռքերում են, խնդիրն այն է, որ երեխաները դեռ չեն հասկանում՝ ինչ է հիմա տեղի ունենում, ուր է մայրը։
«Բայց, իրենց հիմա հանգիստ թողնելը հիմա ամենալավ բանը կլինի, որ մենք կարող ենք անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ անցած շաբաթ համացանցում տարածված տեսանյութում երևացող կինը, որ խոշտանգում էր իր անչափահաս դստերը՝ մյուս անչափահասներին մասնակից դարձնելով բռնությանը, կալանավորվել է։ Մեղադրանքը չորս հոդվածով է առաջադրվել։ Ըստ իրավապահների՝ տեսանյութը նկարահանվել է մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու և իրացնելու համար, որի ընթացքում կինը դստերը ֆիզիկական ուժեղ ցավ է պատճառել, բռնություն գործադրելով՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ։ Ըստ Քննչականի՝ 34-ամյա Աննա Արևշատյանը ընդունել է մեղքը։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։
Ու՞մ համար էր կինը նկարահանում պոռնոգրաֆիկ նյութը, ո՞վ էր պատվիրատուն. իրավապահները այս հարցը չեն հստակեցնում։
Մոտ մեկ տարի է՝ սեփական երկու դստրերին բռնաբարելու համար կալանավայրում է նաև ընտանիքի հայրը, դատաքննություն է ընթանում։ Բռնաբարության դեպքից հետո երեխաներից մեկի հետ աշխատել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում։ Միրա Անտոնյանը ընդունում է՝ իրենց պատասխանատվության բաժինը գուցե կա, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է՝ երեխաները հորից բողոքել են, բայց մոր հետ կապված որևէ մտահոգիչ, ռիսկային ակնարկ անգամ չեն արել։
Տեսանյութում երևում է, որ մայրը ծեծում է երեխաներին, հետքեր արդյոք չկայի՞ն, Անտոնյանն ասում է. - «Տեսեք, ինքը շատ վարպետորեն էր ծեծում։ Եթե ուշադիր նայեք, ինքն ընտրում է վայրերը՝ որտեղ խփել, և ինքն այնպես չի ծեծում, որ կապտուկ երևա։ Ես ուղղակի որպես մասնագետ ասեմ իմ մտայնությունը՝ կարող է լինել միակ տարբերակը հետևյալը, որ երեխաներն այնքան են վարժված, որ մամայի կողմից այդ վերաբերմունքն այնքան առօրյա մի բան է, ամենօրյա, որ իրենք նույնիսկ չեն էլ դիտարկել դա ինչ-որ վախենալու վտանգավոր կամ անհանգստացնող բան, հետևաբար երբևէ որևէ մեկի հետ չեն կիսել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գավառը փոքր շրջան է, բռնության մասին լուրը դուրս է եկել ոչ դպրոցից. տնօրեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, պետությունը պետք է մեխանիզմներ մշակի՝ պատժելու նաև բռնության մասին լռողներինԱյդուհանդերձ, ետ նայելով Անտոնյանը մի անհանգստացնող դրվագ է հիշում. մայրը չի աջակցել բռնության ենթարկված դստրերին. - «Ես ավելի շատ տեսել եմ մի կին, որը վիրավորված է, չի ուզում ընդունել, որ իր ամուսինը սեփական երեխաների հանդեպ նման բան է արել և ավելի շատ կուզենար, որ երեխաները ցուցմունք չտային, չպատմեին, քան պատմեին։ Ինքը զոհ երեխաներին՝ բռնության ենթարկված զոհ երեխաներին սատար չէր կանգնում։ Հենց սա է եղել ազդակը»։
Հենց այստեղ է օրենքի անկատարությունը, ընդգծում է Անտոնյանը՝ առանց մոր ցանկության երեխաներին չէին կարող հարկադրաբար կենտրոն բերել. - «Նա սիրում է իր ծնողներին, ու դրա հետ ոչինչ չես անի։ Մեզ համար աշխատելու ամենամեծ դժվարությունը հենց դա է՝ մենք գործ ունենք մի կողմից տուժած, տառապած երեխայի հետ, որը բացի այն, որ տառապում է ընտանիքից հեռանալու, ծնողներից կտրվելու հարցերով, նաև տառապում է այն տրավմաների հետևանքով, որը իրեն պատճառել է ոչ փոքրիկ տառապանքներ։ Սա նկատի ունենալով՝ մենք պնդել ենք, որ բոլոր երեխաները պիտի ռեաբիտացիա անցնեն, բայց մայրը հավատացրել է բոլորին, բողոք ներկայացրել և այլն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աննա Արևշատյանը կալանավորվեցԵրեխաների պաշտպանության ցանցի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը ևս չի բացառում, որ ընտանիքը պետական կառույցների ուշադրութան կենտրոնում եղել է, բայց արդյոք մասնագիտական բավարար հմտություն ունեցող մարդիկ են զբաղվել ընտանիքով ողբերգությունը նկատելու համար։ Մասնագետի պնդմամբ՝ հատկապես մարզերում՝ մասնագետների լրջագույն խնդիր կա։
«Շատ մարզերում, շատ համայնքներում երբ ուզում ես սոցիալական աշխատող գտնել, պարզապես չկա, և շատ անգամ ստիպված են լինում մի քիչ ավելի կոմպետենտ, մի քիչ ավելի բանիմաց մարդու դնել համայնքային սոցաշխատող, ինչ-որ վերապատրաստումներ անել, որ գոնե այդ մարդն սկսի աշխատել։ Պետք է շատ կոնկրետ լինի պատասխանատվությունը այս դեպքերի համար՝ ով է անմիջական պատասխանատուն, և ով է անմիջական միջամտողը։ Սա, իհարկե, խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովի խնդիրն էր, բայց պետք է վերլուծություն արվի՝ որտեղ որ օղակը թերացավ, ինչն էր պակաս, ինչ գործիքակազմ է պակաս», - նշեց նա։
Բռնության ենթարկված երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները մտահոգված են նաև, որ խնդրահարույց ընտանիքների հետ աշխատելու գործիքակազմ չկա, ուստի սուբյեկտիվիզմը ողբերգության պատճառ է դառնում, իսկ հասարակությունն էլ, իր հերթին, զոհին օգնելու փոխարեն պատժում է մերժելով, իր աչքից հեռացնելով։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարի երեխաների նկատմամբ բռնության դեպքերով 545 քրեական գործ է հարուցվել, 21 թվականին այդ թիվը 105-ով պակաս էր։ Թե որքան ժամանակ կմնան երեխաները խնամքի կենտրոնում, պարզ չէ. եթե հորն ու մորը զրկեն ծնողական իրավունքից, պետությունը պետք է ընտրի նրանց ապրելու ամենաապահով վայրը։