Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու և իրացնելու համար մեղադրվող կինը՝ Աննա Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվել է։ Այս մասին կեսգիշերին հաղորդեց Բարձրագույն դատական խորհուրդը:
34-ամյա Արևշատյանը ձերբակալվեց ուրբաթ օրը համացանցում տեսանյութի տարածումից հետո, որտեղ կինը դաժանորեն ծեծում, մերկացնում, խոշտանգում էր իր անչափահաս դստերը՝ մյուս անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով բռնությանը։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով, որոնցով կնոջը մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Ըստ իրավապահների՝ տեսանյութը նկարահանվել է երեխաների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր ստեղծելու և իրացնելու համար։ «Քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին», - մասնավորապես ասված է Դատախազության հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։ Քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: