Ըստ փորձագետի, պետությունը պետք է մեխանիզմներ մշակի՝ պատժելու նաև բռնության մասին լռողներին

Արխիվային լուսանկար

Երեխայի նկատմամբ սարսափելի բռնությունը, որի մասին այսօր հայաստանյան հանրությունը տեղեկացավ համացանցում տարածված տեսանյութից, վերջին տարիների միակ աղմկահարույց դեպքը չէ։

Ժամանակ առ ժամանակ համացանցում տարածվում են երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի մասին տեղեկություններ, որոնք մի քանի օր քննարկվում ու մոռացվում են։ Ինչո՞ւ են կրկնվում այս դեպքերը ու ինչո՞ւ չեն կանխվում դրանք. հարցին փորձագետն իր պատասխանն ունի՝ կա միտում ծածկելու դրանք, իմանալու դեպքում էլ պատժելիության ցուցանիշը ցածր է։

«Էն միտքը, թե իմ գործը չի ինչ ա կատարվում հարևանի տանը, ավելի ուժեղ ա, քան այն, որ բռնությունը վատ բան ա ու ես պարտավոր եմ դրա մասին ինչ-որ մի տեղ հայտնել», - ասաց սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Այնինչ պետությունը պետք է հստակ քաղաքականություն ունենա կանխարգելելու նման երևույթները՝ ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։ Պնդում է՝ եթե անգամ Քրեական օրենսգիրքն արգելում է բռնությունը նաև երեխայի հանդեպ, միևնույն է, խնդիրն իրավական ոլորտում չէ և օրենքը չի կարող լուծել սոցիալական բացը։

«Չնայած մեր ստանձնած տարբեր պարտավորություններին՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային տարբեր կոնվենցիանով, օրենքներով և այլն, միևնույն է՝ մենք այսօր չունենք հստակ քաղաքականություն, որը հա՛մ վատաբանում է բռնությունը, խոսում դրա միասնական վատ արարք լինելու մասին, հա՛մ ձեռնարկում է միջոցներ դրա դեմ պայքարի համար», - ասաց Աղաբեկյանը։

Պետության քաղաքականության մեջ կարևոր տեղ պետք է ունենա նաև իրավական մասը, ասում է փորձագետն ու օրինակ բերում՝ բռնության ենթարկած չափահասն անգամ վախենում է դիմել ոստիկանություն, որ չմեղադրվի ու չվատաբանվի հենց նրանց կողմից։

«Մենք շատ ժամանակ մեխանիզմ չունենք, չունենք ապացուցողական բազայի նորմալ հավաքման ընթացակարգ, այսինքն, Հայաստանի Հանրապետությունում երբ որ սեռական բռնության դեպք է լինում, դա մնում է մասնագետների հայեցողության վրա: Մենք ունենք մի հատ ընթացակարգ, որ սենց դեպքի ժամանակ դու պետք ա էս 30 ապացույցը վերցնես, մի մտածի էդ պահին, քննիչ ջան, դատաբժիշկ ջան, թե ինչն ա կարևոր, ինչը՝ չէ, էս գործերի ժամանակ, դու պիտի ունենաս հստակ ընթացակարգ, որ դու էլ չմտածես: Չունենք մինչև հիմա», - ընդգծեց Աղաբեկյանը:

Մի կողմից ծնողը սրբություն է, մյուս կողմից երեխան էլ նրա սեփականությունն է՝ հենց այս գիտակցությամբ է հասարակությունը ընկալում ներընտանեկան հարցերը, որոնք վերածվում են ողբերգության, նկատում է փորձագետն ու հարցնում՝ ինչպե՞ս կարող էին հարևանները չլսել, չիմանալ այս ընտանիքում տեղի ունեցողի մասին՝ փորձագետի խոսքով, հենց պետությունը պետք է մեխանիզմներ մշակի՝ պատժելու նաև այս մասին լռողներին:

«Օրինակ՝ այդ պարտավորությունը Հայաստանի Հանրապետությունում մենակ բժիշկների վրա ա դրված էս պահին, իսկ եթե էդ արել ա, օրինակ, խնամք կամ որևէ այլ պատասխանատվություն կրող մասնագետ, օրինակ, ուսուցիչը, իրանք պարտավորված չեն: Իրանք կարն իմանան բռնության դեպքի մասին, բայց ինքը պարտավորված չի, որ պիտի անպայման էս դեպքով դիմի ոստիկանություն», - ասաց Տաթևիկ Աղաբեկյանը:

Իշխանական պատգամավորը պնդում է՝ օրենքն ու գործող մեխանիզմները լավն են, բայց իրազեկման խնդիր կա

Իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, սակայն, պնդում է՝ օրենքն ու գործող մեխանիզմները լավն են, բայց ընդունում է, որ իրազեկման խնդիր կա. - «Շատ քիչ, իհարկե, ծնողներ գիտեմ, որ իրենք տեղյակ են, որ եթե իրենք խախտեն երեխայի կրթության իրավունքը կամ բավարար կենսապայմաններ ապահովելու, իրենք կարող են ենթարկվել պատասխանատվության, այսինքն մեր օրենսդրությունը դա նախատեսում է: Այսինքն՝ մենք առաջին հերթին, ես կարծում եմ, դա շատ լայն իրազեկելու խնդիր ունենք, որպեսզի ծնողի և մեր հանրության գիտակցությունը փոխվի, որ երեխան սեփականություն չէ և երեխայի հետ, ընտանիքի անդամի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես ցանկանում ես»:

Պատգամավորն ասում է՝ իրենք հիմա էլ են աշխատում ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Խնդիրներից մեկը հենց համայնքներում է. կարողության խնդիր ունեն, ասում է Բաթոյանը։

«Մենք ունենք խնամակալության և հոգաբարձության մարմին, որի հիմնականում ղեկավար է նաև համայնքի ղեկավարը, այսինքն, իրենք առաջնային պատասխանատվություն են կրում երեխայի իրավունքների համար: Այդ մարմնին կարող է դիմել նույնիսկ երեխան, եթե իր ծնողը խախտել է իր իրավունքը: Մենք համայնքներում լուրջ խնդիր ունենք, մենք ունենք համայնքների կարողության խնդիր», - ընդգծեց նա:

Սակայն ոչ բոլոր համայնքներում կան սոցիալական աշխատողներ, ասում է իշխանական պատգամավորն ու հավելում՝ սոցաշխատողները տներ են այցելում միայն դիմումի հիման վրա, այն էլ սոցիալական օգնության հարցերով, սակայն կարիք կա, որ նման խոցելի ընտանիքներ այցելեն ուղղակի։

2021-ին Խաշթառակ գյուղի դեպքը ցնցեց հանրությանը, երբ 6-ամյա երեխան մահացավ ծեծի և թունավորման հետևանքով, իսկ նրա 6 մանկահասակ քույրերն ու եղբայրները ծեծի ու էկզոգեն թունավորման հետևանքով նախ հիվանդանոց, ապա մանկատուն տեղափոխվեցին, այս դեպքից էլ կես տարի չանցած հերթական ահասարսուռ դեպքը գրանցվեց Նոր Խարբերդ համայնքում։ 2 տարին չբոլորած երեխան, ըստ իրավապահների, մահացել էր մոր, խորթ հոր ու տատի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

Այս դեպքին հետևեց մեկ ուրիշը 2023-ին, երբ 38-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ, իսկ գործողությունը նկարահանել երեխայի տատի հեռախոսով ու հետո կադրերը տարածել համացանցում։