Մատչելիության հղումներ

Տեսանյութում անչափահաս աղջկան դաժան բռնության ենթարկող մայրը ձերբակալվել է, քրգործ է հարուցվել մի քանի հոդվածներով


Անչափահաս դստեր նկատմամբ դաժան բռնությունը պատկերող տեսանյութում երևացող կնոջ հարևանուհին՝ Լուսինեն խոստովանում է՝ այդ տնից երեխայի լացի ձայն լսել են, բայց չեն պատկերացրել՝ ինչ կարող էր տեղի ունենար բազմազավակ ընտանիքում։

Սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան լացում է, մորը հարցնում՝ ինչի՞ համար է ծեծում։

Քննչական կոմիտեից օրվա ավարտին հայտնեցին, որ կինը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, դրանցից պարզ է դառնում, որ տեսանյութը նկարահանվել է երեխաների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր ստեղծելու համար։ Մյուս հոդվածներն են՝ ծնողի կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ծնողի կողմից անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարելը և պոռնկագրական նյութեր տարածելը։ Այս հոդվածներով մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Ավելի վաղ ոստիկանությունն էր հայտնել Աննա Արևշատյանին հայտնաբերելու մասին՝ հստակեցնելով նաև, որ դեպքը տեղի է ունեցել Գավառում։ Տեսնյութից երևում է, որ նկարահանումն ավելի վաղ է եղել. միացված է ջեռուցիչը, երեխաները տաք հագուստով են։ Ոստիկանությունից, սակայն, չեն տեղեկացնում՝ նկարահանման հստակ ժամանակահատվածը, ով է հոլովակը ներբեռնել համացանց։

Ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Շենքում ևս անտարբեր էին այս երեխաների ողբերգությանը. հարևանները խուսափում էին հարցից՝ չեն նկատել, որ ընտանիքում երեխաներ են խոշտանգվում։

Միայն Լուսինեն խոստովանեց. հարևանները մեկ տարբերակ են տեսել՝ վտարել ընտանիքին շենքից, Գավառից:

«Հարևանները փորձել են ընդհանրապես իրանցից հեռու մնալ: Ոստիկանությունը վերջին դեպքում հայտնվավ: Դպրոց գնում են, դպրոցի անձնակազմը որոշեց, որ պետք է հեռացնեն, բայց չգիտեմ ինչ-ինչ պատճառներով էրեխեքից մեկը գտնվում էր Երևանի հոգեբանական կենտրոնում, հետո հիվանդանոցում: Իրանք մայիսից Երևանում են, քանի որ մեր հարևանությունը բողոքեց, իրանց տան տերը դուրս հանեց: Ավելի լավ ա էրեխեքը հայտնվեն մանկատանը, քան էդ տեսակ... մեկը մեկից լույսի նման էրեխեք են», - պատմեց Լուսինեն:

Երեխաների խոշտանգման, բռնության դեպքերից հետո ամեն անգամ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։

Հարևաններն ասացին՝ շենքում ո՛չ թաղային են տեսել, ո՛չ սոցիալական աշխատող. - «Մեր մոտ սոցիակալան [աշխատողները] շատ հազվադեպ են մոտենում, հարցումներ մենք չունենք, թաղայինը, որ հազվադեպ կարող ա հայտնվի, դեպք լինի, նոր գա: Իսկ սոցիալական աշխատողներն էլ կգան էն դեպքում, երբ որ մոտենաս ասես՝ անապահով ընտանիք եմ, ունեմ օգնության կարիք, վարձով եմ մնում, պայմաններս սենց-սենց: Իրանք կգան, տունը կնայեն, վերջ»:

«Շոկի մեջ ենք». մարզպետարանից պնդում են՝ կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել

Մարզպետարանից, սակայն, «Ազատության» հետ զրույցում հակառակը պնդեցին: «Շոկի մեջ ենք»,- ասաց մարզպետարանի աշխատակից Մամիկոն Գալոյանը՝ պնդելով՝ հոր կողմից սեփական դստրերի բռնաբարությունից հետո կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել, երեխաներից մեկն անգամ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է ապրել մինչև այս տարվա հունվարը։

«Մի երեխային տեղափոխեցինք, ասացինք աշխատանք տանենք, որպեսզի էն երկու երեխաներն էլ.... արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային էլի: Մենք նաև առանձին գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան: Հունվարի 24-ից արդեն երեխան հիմնականում տեղափոխվեց մոր մոտ ու նաև այնտեղ ՀՕՖ-ի հոգեբանն էլ, որ մոր ու երեխաների հետ աշխատել է, այնտեղ էլ դրական էր գրված: Սոցիալական աշխատողներ են աշխատել, հոգեբաններ են այդ երեխաների հետ աշխատել: Ես մի անգամ էլի մեծ քննարկում կազմակերպեցի՝ զուտ մորը խնդրելով, հասկացնելով ասում ենք՝ բեր էդ միջավայրից, թող քո էս երկու երեխան էլ գնան, տեսնեիք ինչ լաց, գնացել էր դատախազություն իմ վրա բողոք, որ ուզում ա էրեխեքին իմ մոտից վերցնի: Էդպես էր էդ կինը, էդպես էր ներկայանում ու նաև ընտանիքի հետ էդ կապը, որ գնաց տենց չի եղել, մենք շոկի մեջ ենք», - ներկայացրեց Գալոյանը:

Դպրոցը, որ հաճախել են երեխաները, փակ էր։ Աննա Արևշատյանի ժամանակավոր բնակարանում այսօր այլ կին է ապրում, որն էլ ցույց տվեց՝ իր ենթադրությամբ որ սենյակում է տեղի ունեցել հանցագործությունը։

Ոստիկանության մինչև այս պահը տված վերջին հաղորդագրության համաձայն՝ կնոջ հինգ երեխաները ոստիկանության համապատասխան մասնագետների հոգածության ներքո են։ Թե որտեղ կհայտնվեն նրանք, առայժմ պարզ չէ։

XS
SM
MD
LG