Գիշերը Ադրբեջանի տարածքից անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի օդակայանի ուղղությամբ. ՀՀ ԱԱԾ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել են շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։

Ազգային անվտանգության ծառայությունն առավոտյան հայտնեց՝ այս գիշեր ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց է արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», - հայտարարում է ԱԱԾ-ն:

Ադրբեջանի իշխանություններից արձագանք դեռ չկա, Հայաստանի ԱԱԾ-ն միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդում, պարզ չէ, թե մինչև ուր է հասել ավտոմեքենան, արդյոք սահմանը հատել է։

«Ազատության» Սյունիքի թղթակցին այսօր անվտանգության աշխատակիցները օդանավակայանին մոտենալ չեն թույլատրել, իսկ ոստիկանները պահանջել են հեռանալ տարածքից։ Տնօրենն էլ ժամեր շարունակ զանգերին չի պատասխանում։

Կապանի անմիջական հարևանությամբ «Սյունիք» անունը կրող այս օդակայանն ավելի քան 80-ամյա պատմություն ունի։ Նախորդ դարի 40-ականներից որպես թռիչքուղի է կիրառվել։ Շուրջ 30 տարի անց՝ 70-ականներից էլ հենց որպես օդանավակայան է սկսել ծառայել՝ կանոնավոր թռիչքներով։ Սովետական Միության փլուզումից և արցախյան առաջին պատերազմից հետո դադարեց գործել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նպատակն է՝ ունենալ Երևան-Կապան կանոնավոր ավիափոխադրումներ․ նախարար

2017-ին Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ որոշվեց վերակառուցել օդակայանը։ Այս մասին անձամբ Սյունիքի նախկին մարզպետ, գործարար Վահե Հակոբյանն էր խոսում: Օդանավակայանի բաժնեմասերի կեսը հենց կոմբինատին է պատկանում, մյուսը՝ կառավարությանը։

Այս աշխատանքներն ավարտելու մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց 2020-ի դեկտեմբերին, 44-օրյա պատերազմից հետո ու չնայած ռազմական գործողությունների հետևանքով Կապանը սահմանամերձ դարձավ, իսկ օդանավակայանի հենց կողքին՝ տասնյակ մետրեր հեռավորության վրա ադրբեջանական դրոշներն ու դիրքերն են՝ այժմ որոշել են այն շահագործման հանձնել։

Ապրիլին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց հաջողված փորձնական թռիչքի մասին, Երևանից 19 հոգու համար նախատեսված ինքնաթիռը վայրէջք կատարեց Սյունիքում։ Գործադիրը սա պատմական իրադարձություն որակեց, քանի որ 90-ականներից հետո սա առաջին թռիչքն էր։

Անվտա՞նգ է արդյոք ադրբեջանական ուժերի անմիջական հարևանությամբ թռիչքներ իրականացնելը, ի՞նչ ռիսկեր կան, արդյոք կառավարությունը հաշվարկե՞լ է դրանք. անցնող տարիներին այս հարցերին պատկան մարմինները հստակ պատասխաններ չէին տալիս։ Ոլորտը վերահսկող Քաղավիացիայի կոմիտեն այսօր ողջ օրը լռություն պահպանեց, մեր բազմաթիվ հեռախոսազանգերին ևս չարձագանքեցին:

Դեպի Կապան կանոնավոր թռիչքները նպատակահարմար չեն. Հակոբ Ճաղարյան

Խորհրդային Միության տարիներին դեպի Կապան հարյուրավոր թռիչքներ իրականացրած, ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը շեշտում է՝ դեպի Կապան կանոնավոր թռիչքները նպատակահարմար չեն. պատճառը ոչ միայն ադրբեջանցիների ներկայությունն է, այլև աշխարհագրությունն ու բնակլիմայական պայմանները։

Նախ, փորձագետի խոսքով, L-410 օդանավը, որով իրականացվել են փորձնական թռիչքները, 4000 մետրից բարձր թռչել չի կարող, սա էական խոչընդոտ է:

«Էդ օդանավը ամենաեղանակային չի լինելու, բոլոր եղանակների չի կարողանալու թռնի, հետևաբար, եթե բոլոր եղանակներին չի կարում թռնի, ինքը չի ապահովելու ռեգուլյար թռիչքները», - նշեց նա:

Ճաղարյանի հիշում է՝ իր կատարած թռիչքների ժամանակ էլ են միջադեպեր եղել, բայց այն ժամանակ լրիվ այլ իրավիճակ էր, սովետական իշխանությունների հանդեպ վախը ադրբեջանցիներին զսպում էր, իսկ, հիմա, շեշտում է, անգամ պարսատիկով կարող են խփել:

«Եթե ես լինեի էդ օդանավի օդաչուն, ես ըտեղ չէի թռնի, ես Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարագայում կպահանջեի օդանավի ռազմական ռիսկերից ապահովագրություն, անձնակազմի հատուկ ապահովագրություն և անձնակազմի ստորագրությունները, իրենց համաձայնությունը, որ իրենք պատրաստ են այդ թռիչքը կատարելու», - ընդգծեց Ճաղարյանը:

Կառավարությունը երեկ հայտարարեց, թե վաղը Կապանի օրվա կապակցությամբ Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ կիրականացվի, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ: Արդյոք այս միջադեպից հետո կիրականացվեն դրանք, թե՝ ոչ, պարզ չէ։

Կառավարությունից խորհուրդ տվեցին դիմել Տարածքային կառավարման նախարարություն, որի մամուլի խոսնակը ասաց՝ առայժմ ոչինչ ասել չի կարող։ Որևէ պարզաբանում չի տալիս նաև Քաղավիացիայի կոմիտեն։ Կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարություններից զատ որևէ այլ տեղեկություն չի հրապարակվել՝ օրինակ, ինչպե՞ս տոմս գնել և որտեղից։