ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, գործընթացը շարունակվելու է. Արցախի ԱԳ նախարար

Պաշտոնական խողովակներով Արցախի արտգործնախարարությունը նման փաստաթուղթ չի ստացել, հայտարարեց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում համացանցում տարածված փաստաթուղթը, որը Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն էր տեղադրել ու որը վերագրվում է Ռուսաստանի արտգործնախարարին:

Տիգրան Պետրոսյանը երեկ հրապարակել էր փաստաթուղթ, որն, ըստ նրա, պարունակում է հուլիսի 25-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկները Արցախի հարցով: Պաշտոնական Երևանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի հարցով «Լավրովի առաջարկները պարունակող» փաստաթուղթ է հրապարակվել. պաշտոնական արձագանք դեռ չկա

«Հուլիսի 27-ին Արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է», - հայտարարեց արտգործնախարարն, ընդգծելով՝ «սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին խոսում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա»:

«Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա տեսնելով Ադրբեջանի կողմից այդ քաղաքականության արդյունքները այն պարագայում, երբ որ 120 հազար մարդ միտումնավոր մատնված են սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ, ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ որևէ հիմք որևէ միջնորդ չունի, որպեսզի նման ինչ-որ առաջարկներ հնարավոր լինի կյանքի կոչել», - ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, Արցախի արտգործնախարարն ընդգծեց՝ արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:

«Մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից, որ փորձեր են կատարվել ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչն անթույլատրելի է, և որը չի համապատասխանում Լաչինի միջանցքի նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթով սահմանված պարամետրերին: Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է: Իսկ կարողությունների առումով՝ այո՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հենց այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ նման լիազորություններ ու կարողություններ, որպեսզի կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից», - նշեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվիՄիրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է