Ուկրաինական կողմը հայտարարում է նոր տարածքի ազատագրման մասին

Հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերը ազատագրել են Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե ավանը, հայտնել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Տելեգրամի իր ալիքում։

«Մեր պաշտպանները հաստատվել են նոր գծերում: Հարձակողական գործողությունները շարունակվում են»,- հավելել է Մալյարը:

Նախօրեին Ուրոժայնոյեից ռուսական զորքերի նահանջի մասին հայտնել էին ռուսական Տելեգրամ ալիքները։ Ուրոժայնոյեում եղել է Ռուսաստանի զինված ուժերի ամրացված տարածք՝ Մոկրոյ Յալի գետի ափին։ The New York Times-ը ավելի վաղ գրել էր, որ եթե Ուկրաինայի զինված ուժերը կարողանան ճեղքել գյուղը, ապա նրանք ռուսական վերահսկողության տակ գտնվող Բերդյանսկից և Մարիուպոլից 80 կմ հեռավորության վրա կլինեն։

Միաժամանակ այսօր անօդաչուն փորձել է հարվածել բռնակցված Ղրիմին, ռուսական կողմը պնդում է, թե այն հայտնաբերվել և ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հրապարակել է Ղրիմի կամրջին ծովային հեռակառավարվող նավակների հարվածների կադրերը, որոնք տրամադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հեռուստաալիքին բացատրել է, թե հուլիսի 17-թին Ղրիմի կամուրջը խոցած սարքերը ուկրաինական արտադրության են և կոչվում են Sea Baby։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը «բացարձակ անընդունելի» է համարում որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու խոսակցությունները

Ռուսական ուժերն, իրենց հերթին, այսօր կրկին ռմբակոծել են Օդեսայի նավահանգստային կառույցները, վնասվել է երկու պահեստ։ Օդեսան ռուսական հրթիռների և անօդաչուների ուժգին հարվածի տակ հայտնվեց հուլիսի 17-ից հետո, երբ Մոսկվան հայտարարեց, թե դուրս է գալիս հացահատիկի գործարքից։ Մինչդեռ Օդեսայից Ուկրաինայի հայտարարած «մարդասիրական միջանցքով» այսօր դուրս է եկել դեպի Ստամբուլ գնացող առաջին Joseph Schulte կոնտեյներային նավը:

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից ստեղծված «մարդասիրական միջանցքը» առաջին հերթին քաղաքացիական նավերի համար է։ Կուբրակովի խոսքով՝ կոնտեյներային նավի վրա ավելի քան 30 տոննա բեռ կա, այդ թվում՝ սնունդ։

Ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնում է, թե Վաշինգտոնում քննարկում են Դանուբի երկայնքով ուկրաինական հացահատիկը Ռումինիայի նավահանգիստներ տեղափոխելու հնարավորությունը։ Ամերիկյան մեդիան նշում է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը Դանուբի երկայնքով Ռումինիայի նավահանգիստներ կտևի ավելի երկար և կարժենա ավելի շատ, քան նախկինում հացահատիկի գործարքի շրջանակներում գործող երթուղիով, որով Օդեսայից հացահատիկը հասնում էր Ստամբուլ։ Սակայն, այս նոր երթուղով հնարավոր գործարքին Ռուսաստանը չի մասնակցի։

Անցած շաբաթ թուրքական մամուլը գրել էր, թե օգոստոսի վերջին Էրդողան-Պուտին նախատեսված հանդիպմանը Թուրքիայի նախագահը հացահատիկի գործարքի շուրջ նոր առաջարկ է անելու Ռուսաստանին, մանրամասները սակայն դեռ հայտնի չեն։

Հացահատիկի գործարքն այն միակ թեման էր, որի շուրջ Մոսկվան ու Կիևը Անկարայի և ՄԱԿ-ի միջոնդրությամբ կարողացել էին պայմանավորվել։ Տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր արդեն խլած պատերազմը կանգնեցնելու մասին ոչ Մոսկվան, ոչ էլ Կիևը այսօր չեն խոսում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում 9444 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

Ուկրաինայի արտգործնախարարությունը «միանգամայն անընդունելի» է անվանել որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին խոսակցությունները։ «Ես միշտ ենթադրել եմ, որ դաշինքը, ինչպես Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում», - գրել է ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

Նման մեկնաբանություն նա արեց այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով VG-ի նորվեգական հրատարակության հրապարակմանը, տարածել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենի հայտարարությունը։ VG-ն գրում է, որ Յենսենի կարծիքով՝ պատերազմը կարող է ավարտվել, եթե Ուկրաինան հրաժարվի իր տարածքի մի մասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։ Այս մասին Յենսենն ասել է Արենդալում կայացած բանավեճի ժամանակ, գրում է VG-ն։ Ինքը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նշում է նորվեգական հրատարակությունը, բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ օկուպացիայի դադարեցման վերաբերյալ ցանկացած բանակցությունների պայմանները պետք է Կիևը ձևակերպի։