Ադրբեջանի կողմից որպես Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկվող Աղդամի ճանապարհը Արցախի համար սկզբունքորեն մերժելի է, առաջին հերթին, այն պատճառով, որ «դրանով Ադրբեջանը փորձում է Լաչինի միջանցքի թեման փակել, Լաչինի միջանցքի գործունեությունը առհասարակ փոխարինել այլ ճանապարհներով»: «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Այսօր Ադրբեջանը ասում է՝ Լաչինի միջանցքը օգտագործեք միայն բուժառուների տեղափոխության համար, իսկ մյուս բոլոր բեռների տեղափոխության համար օգտագործվի Աղդամ - Ստեփանակերտ ճանապարհը, ինչը մեզ համար ընդունելի չէ: Մենք հստակ, ռեալ վտանգ և սպառնալիք ենք տեսնում, որ այդ ճանապարհի գործարկմամբ կփակվի Լաչինի միջանցքը՝ առհավետ կփակվի, և այդ կապը մայր Հայաստանի հետ ընդհանրապես կկորցնենք: Եվ երկրորդ՝ պետք է հասկանալ, որ Ադրբեջանից դեպի Արցախ եկող ցանկացած բեռ, կամ ցանկացած ամեն ինչ ուղղակի Արցախի ժողովրդի համար է անընդունելի, սա արցախյան իշխանությունների քմահաճույքը չէ», - ընդգծեց Արցախի օմբուդսմենը՝ շարունակելով. - «Եվ որպես նաև իրավունքների պաշտպանության համար սահմանադրորեն ստեղված կառույց մենք նաև մարդկանց հետ մեր հանդիպումների ժամանակ ենք անընդհատ զգում, որ հանկարծ ու հանկարծ որևէ ադրբեջանական ապրանք չհայտնվի Ստեփանակերտում՝ դա մեզ համար անընդունելի է, դա մեր արժանապատվությունն է ոտնահարում, և այլն, և այլն»:
«Այսինքն՝ և՛ ժողովրդի արժանապատվության այդ ընկալելիության՝ այդ ճանապարհի օգտագործման տեսանկյունից, և՛ նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը պահպանելու տեսանկյունից մենք լրջագույն սպառնալիքներ ենք տեսնում, և դրանով պայմանավորված էլ հայտարարում ենք, որ միայն ու միայն Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակումից հետո կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհների մասին», - հայտարարեց Գեղամ Ստեփանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղդամով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկը նոյեմբերի 9-ի հայտարությունը վերանայելու փորձ է․ ԼՂ ԱԳՆՀարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.