ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ղարաբաղի հարցը լսելու Հայաստանի դիմումից անմիջապես հետո Բաքվում սկսեցին հաշվել ԱԽ-ում Ադրբեջանի գործընկեր պետություներին։ Ոչ մշտական տասը անդամներից առնվազն երկուսի՝ Ալբանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական ու տնտեսական ակտիվ կապեր ունեն, ևս չորսը՝ Գաբոնը, Գանան, Մոզամբիկն ու Էկվադորը, «Չմիացած շարժման» գործընկերներից են։
Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Հայաստանի պաշտպան են համարում Ֆրանսիային, իսկ Ռուսաստանի մասին Բաքվում կարծում են՝ Մոսկվան դեմ կլինի հարցի միջազգայնացմանը, քանի որ դեմ է կարգավորման գործընթացում երրորդ երկրի միջամտությանը՝ Մոսկվան ինքն է ցանկանում առանցքային դերակատար լինել Բաքվի ու Երևանի միջև. «Թուրանը» այս խմբագրականով հանդես է եկել անցած շաբաթավերջին, երբ հայտնի դարձավ Հայաստանի դիմումի մասին, եզրակացնելով, որ միջազգային իրավիճակը, տարածաշրջանում մեծ տերությունների շահերը նվազագույնի են հասցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանին դատապարտող որևէ փաստաթղթի ընդունումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիֆը՝ Բայդենին. Ճգնաժամը Արցախում պահանջում է ԱՄՆ անհապաղ գործողությունԱդրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված «Կալիբեր» կայքը երեկ հրապարակել է մի քանի գործիչների մեկնաբանությունները։ Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսբեկովի կարծիքով՝ Անվտանգության խորհրդում չի հաջողվի բանաձևի տեքստ համաձայնեցնել, որին կողմ կքվեարկեն Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ Բրիտանիան կներկայացնի իր առարկությունները։
Մուսաբեկովի կարծիքով՝ եթե նույնիսկ ինչ-որ բանաձև ընդունվի, այն կոչ կլինի, այլ ոչ թե պարտադիր պահանջներ՝ սպառնալից ձևակերպումներով։
«Նման փաստաթուղթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով չի անցնի, մի կասկածեք»,- ասել է նա և ընդգծել. - «ՄԱԿ-ում ինչ էլ ընդունվի, այն չի ստիպի Բաքվին շեղվելու իր ուղուց։ Ավելին, կարծում եմ՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը պետք է հրավիրել, որ որևէ որոշումներ ընդունելու դեպքում, որոնք խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտներ կդառնան, Ադրբեջանը իր տարածքում մտադիր է ամբողջությամբ վերականգնել իր Սահմանադրության և օրենսդրության գործունեությունը՝ առանց նայելու որևէ բանաձևի վրա»։
Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի խոսքերով՝ քննարկումներում Ադրբեջանը «երկաթբետոնե արգումենտ» ունի՝ ապրանքների համար Աղդամով ճանապարհը բաց է։ «Ուստի, կարծում եմ՝ սա հայերի դատարկ կրակոց է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներից հետո պարզապես խորհուրդ կտա օգտվել երկու ճանապարհներից»,- կանխատեսում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը։
Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի խոսքերով՝ ՄԱԿ-ում ինչ էլ տեղի ունենա, հնարավոր չէ փոխել Ադրբեջանի ստեղծած իրողությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽՆիստին ընդառաջ Ադրբեջանի պետական մարմիններն ու քարոզչական միջոցները Հայաստանի հասցեին հնչեցնում են բոլոր հնարավոր մեղադրանքները, գումարած անթաքույց սպառնալիքները։ Այսօր հրապարակված ԱՊԱ գործակալության վերլուծականում նշված է, որ «Հայաստանը և նրա հովանավորները պետք է հասկանան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ որևէ փաստաթուղթ ընդունվելու դեպքում կդադարեցվեն ամերիկյան ձևաչափով ու Եվրամիության միջնորդությամբ խաղաղ բանակցությունների գործընթացը»։
Ըստ այս հրապարակման՝ «Ֆրանսիան իր կողմնակալ դիրքորոշման պատճառով չի կարող որևէ դեր խաղալ խաղաղ գործընթացում»։ Նույն վիճակին կարող է արժանանալ Միացյալ Նահանգները, որն աջակցում է հարցի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եթե Ադրբեջանի դեմ «սադրանքին» մասնակցի նաև Ռուսաստանը, ապա Ռուսաստանի միջնորդությունը ևս կկորցնի իր նշանակությունը, նման մոտեցում կարող է ցուցաբերվել նաև Եվրամիության հանդեպ. Ադրբեջանը ոչ մի միջնորդի հետ չի քննարկի խաղաղ գործընթացը, նշված է հոդվածի մեջ։
Մի խոսքով դեմ լինելով բոլորին, ով Ադրբեջանին «թթու խոսք» կասի, այս «վերլուծության» հեղինակները հայտարարում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ սադրանքները չեն կարող ազդել պաշտոնական Բաքվի կամքի վրա, ընդհակառակը՝ այն կնշանակի խաղաղ նախաձեռնությունների վերջը և լուրջ հարված խաղաղ գործընթացին, ուստի, եթե Ադրբեջանի դեմ որևէ փաստաթուղթ ընդունվի, ապա բանակցային գործընթացը գործնականում կդադարի, Ադրբեջանը կհրաժարվի բանակցություններից։ «Այդ դեպքում իրադարձությունները կզարգանան բոլորովին ոչ Հայաստանի օգտին»,- սպառնում են վերրլուծականի հեղինակները։