Ադրբեջանական կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին, հայտարարում է Երևանը։
Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է, նշել է Հայաստանի արտգործնախարարությունը, որը վերստին Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից։
Հայաստանը վերահաստատում է խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով:
Պաշտոնական Բաքուն այսօր հայտարարել էր, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, և «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։
«Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է», - հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ըստ Արտգործնախարարության՝ Ադրբեջանը շարունակում է խախտել նաև բանակցությունների ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պայմանավորվածություններ, այդ թվում, ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռքբերված պայմանավորվածությունները: