Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարքի մասին հաղորդումներից հետո պայթյուն է որոտացել:
Քաղաքացիներից մեկը պատմում է, թե անօդաչուն իրենց շենքին շատ մոտ էր. - «Այո, անօդաչու է, քիչ էր մնում մեզ հասներ, անհավանական է.․․ Աստված իմ, ինչ ահավոր է»:
ՀՕՊ-ի միջոցով անօդաչու թռչող սարքի ոչնչացումը հաստատել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ զոհեր և լուրջ ավերածություններ չկան։ Պաշտպանության նախարարությունը հարձակման մեջ մեղադրել է Ուկրաինային։
Mash տելեգրամ ալիքը հայտնում է, որ անօդաչուի բեկորները հայտնաբերել են 67-րդ քաղաքային հիվանդանոցի այգում։
Ավելի վաղ՝ գիշերը մեկ այլ անօդաչու թռչող սարքի պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր «Վնուկովո» օդանավակայանի աշխատանքը։
Իրենց հերթին, ռուսական ուժերը կրկին հրթիռկոծել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևի ռազմական վարչակազմը հայտնում է, որ ռուսական հրթիռի բեկորներն ընկել են քաղաքի Օբոլոնսկի շրջանի մանկական հիվանդանոցի տարածքում։
Կրակի տակ էր նաև Խարկովի մարզը, մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, երկուսը վիրավորվել։
Երեկ իշխանությունները հայտնել էին, թե մարզի Կուպյանսկի շրջաննում ռուսական չդադարող հրետակոծության պատճառով պարտադիր տարհանում են սկսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը սկսել է Կուպյանսկի շրջանի 11 հազար բնակիչների պարտադիր տարհանումը
Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական հարձակումների թիվը հասել է «անպատկերացնելի մակարդակի»
Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական հարձակումների թիվը հասել է «անպատկերացնելի մակարդակի», ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Դենիս Բրաունը երեկ Զապորոժիեի վրա հարձակումից հետո: Հարվածի հետևանքով վնասվել է Reikartz հյուրանոցը, որտեղ բազմիցս հանգրվանել են ՄԱԿ-ի աշխատակիցները։
«Սա լիովին անընդունելի է: Ամեն անգամ, երբ Զապորոժիեում էի, մնում էի այս հյուրանոցում։ Իմ թիմն այս հյուրանոցում է մնում իրենց հաճախակի ուղևորությունների ժամանակ», - նշել է նա:
Բրաունն ընդգծել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։ «Հանուն մարդկության՝ ես կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել անխտիր հարձակումները Ուկրաինայի վրա», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Երեկ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ չորս երեխա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը խոսել է առաջխաղացումից
Մինչ այդ Ուկրաինական զորքերը շարունակել են իրենց հակահարձակումը ռազմաճակատի առնվազն երեք հատվածներում՝ Բախմուտի, Բերդյանսկի և Մելիտոպոլի շրջանում, և օգոստոսի 10-ին առաջ են շարժվել Դոնեցկի և Զապորոժիե մարզերի սահմանի մոտ, ասված է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցում։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը նույնպես խոսել է առաջխաղացումից. - «Չնայած մարտական գերծանր պայմաններին և հակառակորդի հակազդեցությանը, մեր զորքերը մասամբ հաջողությամբ են առաջ գնում Ստարոմայորսկի հարավում և հարավ-արևելքում գտնվող Ուրոժայնեի ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հետ են պահում ռուսական բանակի հարձակումը Կուպյանսկի, Լիմանսկի, Ավդեևսկու և Մարինսկի ուղղություններով։
Կատաղի մարտերը ռազմի դաշտում շարունակվում են․ ընդ որում՝ հարձակման ինտենսիվ փորձեր են ձեռնարկում և՛ ուկրաինական, և՛ ռուսական կողմերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի վրա կրկին անօդաչու է ընկել
Ըստ վերլուծաբանների, պատերազմից արդեն հոգնել են ոչ միայն Արևմուտքում, այլ հենց Ուկրաինայում
Տարբեր վերլուծաբաններ գրում են, թե երկար ամիսներ տևող այս պատերազմից, որ տասնյակ հազարավոր զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքեր է խլել, արդեն հոգնել են ոչ միայն Արևմուտքում, այլ հենց Ուկրաինայում։
Պետության իշխանություններն էլ ստիպված նոր, այդ թվում՝ կադրային որոշումներ կայացնել, դժգոհությունները հասարակության շրջանում մեղմելու համար։
Այսօր կաշառակերության մեջ կասկածվող Օդեսայի զինկոմիսարի հետ վերջերս ծագած սկանդալից հետո Ուկրաինայում լայնածավալ ստուգումներ են սկսվել զինկոմիսարիատներում։ Նախագահ Զելենսկու խոսքով՝ բազմաթիվ նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել։
«Մենք պաշտոնանկ ենք անում բոլոր մարզային «զինվորական կոմիտեներին». Այս համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը, և ինչու է պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառակերությունը դավաճանություն: Փոխարենը, այս համակարգը պետք է վստահել այն զինվորներին, ովքեր եղել են ճակատում և այսօր չեն կարող լինել խրամատում՝ առողջության պատճառով։ Նրանք կարող են կորցնել վերջույթները, բայց պահպանել են իրենց արժանապատվությունը և չունեն ցինիզմ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ազատել է բոլոր մարզային զինկոմիսարիատների ղեկավարներին
Երկար տևող պատերազմի վերջը չի երևում: Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայում հավաքվել էին արևմտյան և զարգացող երկրների ներկայացուցիչները, մեկուկես տարուց ավելի տևող ուկրաինական պատերազմի դիվանագիտական կարգավորման հիմնական սկզբունքները քննարկելու համար, ընդ որում, Ռուսաստանը հավաքին չէր հրավիրվել, բայց ներկա էին, օրինակ, Չինաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները:
Այսօր թուրքական Hürriyet թերթը գրել է, թե Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով հանդիպման ժամանակ Թուրքիայի ներակայուցուցիչը ասել էր, որ «եթե Ռուսաստանը չընդգրկվի լուծման որոնման մեջ, արդյունք չի լինի»:
Այդուամենայնիվ, այս ձևաչափով հաջորդ հանդիպումը, թերթի տվյալներով, տեղի կունենան հոկտեմբերին հենց Թուրքիայում, իսկ մինչ այդ օգոստոսի վերջին նախագահ Էրդողանը կհյուրընկալի նախագահ Պուտինին․ վերջերս Էրդողանը կրկին հայտարարել էր, թե պատրաստ է նոր բանակցային օրակարգ առաջարկել Կիևին և Մոսկվային։