Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Դանուբ գետի վրա գտնվող Ուկրաինայի քաղաքացիական նավահանգիստներին


Անցած գիշերը ևս ռուսական ուժերը իրանական ԱԹՍ-ներով հարվածել են ուկրաինական նավահանգիստներին, այդ թվում՝ Դանուբի վրա գտնող տրանսպորտային ենթակառուցվածքներին, մասնավորապես Իզմայիլ նավահանգստին։

Ուկրաինայի դատախազությունը հետաքննություն է սկսել պատերազմական օրենքների խախտմամբ կատարված հարձակումների փաստով:

«Թշնամին հարձակվել է Դանուբի նավահանգստային և արդյունաբերական օբյեկտների վրա։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են էլևատորը, հացահատիկի անգարները, պահեստները, արդյունաբերական ու վարչական տարածքներ։ Զգալի վնասվել է նաև ծովային կայարանի եռահարկ շենքը»,- հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ անցած գիշերվա հարվածները հարձակում են նավահանգիստների, հացահատիկի ու պարենային գլոբալ անվտանգության վրա։

«Աշխարհը պետք է արձագանքի։ Երբ թիրախավորվում են քաղաքացիական նավահանգիստները, երբ ահաբեկիչները գիտակցաբար ոչնչացնում են նույնիսկ էլևատորները, ապա դա սպառնալիք է բոլորին, բոլոր աշխարհամասերում։ Ռուսաստանին կարելի է և պետք է կանգնեցնել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ «Շահեդներն» արձակվել են երեք վայրերից՝ Կուրսկից, Պրիամորսկի պոլիգոնից և Ղրիմից։ Հակաօդային պաշտպանությանը հաջողվել է 23 դրոն ոչնչացնել, բայց մի մասը հարվածել է նավահանգստային ենթակուցվածքներին՝ պատճառելով զգալի վնասներ։

Ռուսաստանը, հուլիսի 17-ին դուրս գալով հացահատիկի արտահանման գործարքից, հաջորդ օրվանից սկսած հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածում է ուկրաինական նավահանգիստներին՝ ոչնչացնելով տրանսպորտային ենթակառուցվածքներն ու ամբարված տոննաներով հացահատիկը։

Սև ծովի ուկրաինական նավահանգիստների փաստացի շրջափակումից, հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքները փակվելուց հետո Ուկրաինայի համար Դանուբ գետը մնացել է հիմնական այլընտրանքային ճանապարհը։ Դանուբի վրա Ուկրաինան երեք նավահանգիստ ունի։ Գետն անցնում է Ռումինիայի հետ սահմանով, ռումինացի ձկնորսները հեռախոսներով նկարահանել են ռուսական հարվածների հետևանքով գետի մյուս ափին բռնկված հրդեհը։

Ռուսական ուժերի հարձակումները Ուկրաինան նավահանգստային ենթակառուցվածքների վրա փորձագետները համարում են են հացահատիկային բլոկադա։ Ուկրաինան հացահատիկի մատակարարման հիմնական երկրներից է և միջազգային շուկայում համարվում է Ռուսաստանի հիմնական մրցակիցը։

Կրեմլի խոսնակն այսօր ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը։

«Նախագահ Պուտինը դա կրկնել է արդեն հարյուր անգամ․ Ռուսաստանը պատրաստ է անհապաղ վերադառնալ բուն գործարքին, ոչ միայն բանակցություններին, այլև բուն գործարքին, անհապաղ պատրաստ է կատարել։ Պարզապես գործարքը պետք է իրականացվի այն մասով, որը վերաբերում է Ռուսաստանին։ Ինչպես գիտեք, մինչև հիմա դա չի կատարվել», - այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանը պնդում է, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ անցած տարվա ամռանը ձեռք բերված համաձայնությամբ Սև ծովով պետք է արտահանվի ոչ միայն ուկրաինական հացահատիկը, այլև ռուսական նավահանգիստներից պետք է գյուղմթերք և պարարտանյութ արտահանվի, ինչը Մոսկվայի պնդմամբ՝ չի իրականացվել։

Ուկրաինական նավահանգիստների ենթակառուցվածքների վրա ռուսական ուժերի անցած գիշերվա հարձակումից հետո այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագության համաձայն՝ Էրդողանը կարևոր է համարել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, ընդգծել է Սևծովան նախաձեռնության նշանակությունը, որը նա կոչել է խաղաղության կամուրջ։

Անկարան նաև հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին, սակայն Կրեմլը առայժմ չի հաստատել Պուտինի հնարավոր այցի մասին տեղեկությունը։

Այնուամենայնիվ, Ուկրաինայից հացահատիկ արտահանելու համար ծովային հիմնական ուղիներից բացի, կան նաև ցամաքային ճանապարհներ։ Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետները հուլիսի վերջին ասել էին, որ 2022 թվականի մայիսից ի վեր ցամաքային ճանապարհով Ուկրաինան արտահանել է 40 միլիոն տոննա հացահատիկ, իսկ Սև ծովով հացահատիկի գործարքի շրջանակում արտահանվել է 33 միլիոն տոննա, ավելի քիչ, քան ցամաքային ճանապարհով։

Ընդհանուր առամաբ ուկրաինական ցորենի արտահանումը, ըստ ՄԱԿ-ի գնահատման, թույլ է տվել, որ աշխարհում պարենի գները նվազեն մոտավորապես 20 տոկոսով։

XS
SM
MD
LG