Մատչելիության հղումներ

Դանիլով. «Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումն անիրատեսական է»


Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, ախրիվ
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, ախրիվ

Միջուկային զենքի արտադրությունը տեխնոլոգիական բարդության պատճառով անիրատեսական է Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։

«Ինչ վերաբերում է մեզնից առգրավված [ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստան ուղարկված] միջուկային զինանոցին, եկեք իրատես լինենք, դրա վերականգնումը դժվար թե հնարավոր լինի։ Եվ ոչ միայն քաղաքական, այլև տեխնոլոգիական առումներով։ Սա շատ բարդ իրավիճակ է»,- ասել է Դանիլովը:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ արևմտյան որոշ երկրներ միջուկային զենքն իրենց դաշնակիցներից են ստացել։

«Նման դեպքեր կան, մեր դեպքում կստացվի՞, այս պահին չեմ կարող ասել, քանի որ սա դժվար, պատասխանատու և ծանր աշխատանք է», - ասել է Դանիլովը։

Անցյալ տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ուկրաինայի կողմից մեծ սխալ էր ԽՍՀՄ փլուզումից հետո միջուկային զենքից հրաժարվելը, քանի որ եթե այն պահպանվեր՝ որևէ երկիր չէր համարձակվի տարածքային պահանջներ ներկայացնել Ուկրաինային:

1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում Եվրոպայում համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրել են «Բուդապեշտի երաշխիքների արձանագրությունը», որով Ուկրաինան միացել է միջուկային զենքի չտարածման պայմանագրին և իր տարածքում տեղակայված միջուկային սպառազենն ամբողջությամբ փոխանցել է Ռուսաստանին:

Որպես անվտանգության երաշխավորներ հանդես են եկել Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, հետագայում էլ այդ երկրներին միացել են Ֆրանսիան և Չինաստանը։

«Բուդապեշտի արձանագրությամբ» Ուկրաինան պետք է անվտանգության երաշխիքներ ստանար, սակայն 2014 թվականին Ռուսաստանը զավթել է Ղրիմը:

Արդարացնելով ագրեսիան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե «2014-ին այլևս գոյություն չուներ այն Ուկրաինան, որի հետ կնքվել է Բուդապեշտի փաստաթուղթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG