Պարույր Հովհաննիսյանն ԱՄՆ Սենատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը 

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆինի ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինիի հետ երեկ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը:

Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը․ Օկամպո
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահեր, զանգվածային ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը զուգընթաց

Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական ընդլայնմանը, խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Հայաստանում են հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ։ Նրանք երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են անվտանգային հարցեր, նախօրդ օրն էլ այցելել էին Կոռնիձոր, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է անշարժ կանգնած է Հայաստանից Արցախ հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր