ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Տարածած հայտարարությունում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նշում է, որ ի սկզբանե իրենց մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով, բայց քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, նպատակահարմար չեն գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իրենց համամասնական ցանկի առաջադրումը:
Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո ՀՅԴ-ն խոստանում է հանդես գալ հավելյալ հայտարարությամբ։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ «Մայր Հայաստան» շարժումը ևս կմասնակցի ընտրություններին, թե ով կգլխավորի ցուցակը, դեռ չի հայտարարվել։ Երեկ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին