1.5 տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով աշխատանքից ազատված պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ղեկավար Ծաղիկ Վարդանյանն այսօր վերականգնվեց պետի պաշտոնում՝ կրկին Ավանեսյանի հրամանով, բայց դատարանի պարտադրմամբ։
Ի դեպ, հենց այս մարմինն է կառավարության հատկացրած գումարը բաշխում բուժհաստատություններին։
Նախարարը Վարդանյանին աշխատանքից ազատել էր 2 խիստ նկատողություններից հետո. - «Մոտավոր ինչ-որ աշխատակիցներից մեկի չներկայանալու կամ չլինելու հետ կապված, երկրորդը՝ ինչ-որ խնդիր էր որոշակի դեպքերի անհատական վարման հետ կապված»:
Այս երկու նկատողությունները Ծաղիկ Վարդանյանը չի ընդունել ու դատարան դիմել՝ պահանջելով նաև նյութական փոխհատուցում։ Հիմա պետությունն ավելի քան 4 մլն դրամ պետք է վճարի Վադրանյանին՝ շուրջ 1.5 տարի հարկադիր պարապուրդի համար։
Դատական գործի մանրամասներին չկարողացանք ծանոթանալ, քանի որ դատական համակարգի պաշտոնական կայքը չի աշխատում։ Դատարանի որոշումն ու նախարարի հրամանը ձեռքին, Ծաղիկ Վարդանյանին այսօր չհաջողվեց մտնել իր նախկին աշխատասենյակ։ Ի դեպ, Առողջապահության նախարարության պահանջով՝ Վարդանյանի հետ հարցազրույցը նկարահանեցինք Պետական առողջապահական գործակալության բակում, ներսում արգելեցին:
«Ես այս աշխատասենյակից եմ գնացել, ինձանից առաջ բոլոր պետական առողջապահական գործակալության պետերն իրենց գործունեությունն իրականացրել են այդտեղ: Դուռը փակ է, նույնիսկ թույլ չեն տալիս ներս մտնել, նախկին պետն ասում է՝ ինձ հանձնարարված է, որ ես պետք է ձեզ տանեմ ուրիշ կաբինետ: Ո՞վ է ինքը հիմա, չգիտեմ: Ծիծաղելի մանկապարտեզային դրվագ է: Սա չի կարող խաթարել իմ աշխատանքը, շարունակելու եմ, կատարելու եմ իմ մասնագիտական պարտավորությունները», - նշեց Վարդանյանը:
«Նախարարությունն ամբողջությամբ կատարել է դատարանի պահանջը, բայց դատարանի որոշումում չկա այնպիսի կետ, որ նա պետք է իր նախկին աշխատասենյակ վերադառնա։ Տիկին Վարդանյանին տրամադրվել է կահավորված ու հարմարավետ նոր աշխատասենյակ», - «Ազատությանը» փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Ավելի քան 10 տարի առողջապահության ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանն ասաց՝ գրավոր դիմել է նախարար Ավանեսյանին, դեռ պատասխան չունի։ Ի դեպ, նա դեռ երեկ էր իր ֆեյսբուքյան էջում գրել, թե հույս ունի, որ աշխատանքի անցնելիս արհեստական խոչընդոտների չի հանդիպի։
«Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի»,- գրել էր պաշտոնում վերականգնված ՊԱԳ ղեկավարը:
«Ես գրել եմ, որ «եկել եմ, վերակնգնվել եմ ու եթե շենքի մեջ ինչ-որ փոփոխություն է կատարված, խնդրում եմ, հանձնարարել, որ գրավոր ինձ տեղեկացնեն»: Ես տրամադրված եմ նորմալ աշխատանքային հարաբերությունների», - ասաց նա:
Վարդանյանն ընդգծեց՝ հույս ունի, որ իրեն ազատելու որոշումը քաղաքական հիմք չի ունեցել
Հանրապետական կուսակցության նախկին անդամ Ծաղիկ Վարդանյանը, որ հիմա էլ չի թաքցնում իր քաղաքական հայացքներն, ասաց՝ գուցե նախարարը հարմար ա՞յլ թեկնածու է ունեցել ՊԱԳ-ի ղեկավարի պաշտոնի համար։ Ընդգծեց՝ Ավանեսյանի շրջապատում այս պահին էլ կան նախկին ղեկավարներին սատարող ու նրանց կուսակցություններին հարող աշխատակիցներ, հույս ունի, որ իրեն ազատելու որոշումը քաղաքական հիմք չի ունեցել։
Այն, որ իր ու Ավանեսյանի հարաբերությունները լարված են եղել, Վարդանյանը չի հերքում, բայց չի ցանկանում դրանից խոսել։ Հեղափոխությունից հետո մի կարճ ժամանակահատված նա աշխատել է նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձագետը բացեր ու կոռուպցիոն ռիսկեր է տեսնում առողջապահության ապահովագրության համակարգումԱշխատանքից ազատվելուց հետո Վարդանյանը հիմնադրել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ը, որը քննադատում էր «առողջապահական ապահովագրության» նախարարության առաջարկած մոդելը և ոչ միայն։ Այս հարցում, փաստորեն, ոլորտին գումար բաշխող կառույցի արդեն ներկայիս պետի ու առողջապահության նախարարի կարծիքները չեն համընկնում։
«Գլխավոր հարցում համաձայն եմ, որ ֆինանսական բարեփոխումն անհրաժեշտություն է, մնացած խնդիրներում՝ սկսած ներդրման փուլայնության ձևաչափից, ապահովագրավճարի չափից, ծառայությունների փաթեթի ոչ հստակ լինելուց և այդ հիմնադրամի ստեղծվելու ձևաչափից, ես ունեմ իմ առաջարկներն ու իմ խնդիրները», - ընդգծեց ՊԱԳ ղեկավարը:
Ծաղիկ Վարդանյանը որպես վկա հարցաքննվել է նաև առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով։ Դավթյանը մեղադրվում է Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու համար։
Աշխատանքից ազատվելուց 6 ամիս առաջ, Ծաղիկ Վարդանյանը նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել էր կառավարական բարձր շքանշանով՝ 44-օրյա պատերազմում Արցախում իր աշխատանքը շարունակելու համար։