Մատչելիության հղումներ

Փորձագետը բացեր ու կոռուպցիոն ռիսկեր է տեսնում առողջապահության ապահովագրության համակարգում


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

«Ապահովագրական համակարգերը բարեհաջող են գործում, եթե առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները, կարողանում հիմնական բեռն իրենց վրա վերցնել», - այսօր հայտարարեց Առողջապահության նախարարը՝ հիշեցնելով, որ 2023-ը նախապատրաստական տարի է, պոլիկլինիկաներ են նորոգվելու, վերազիննվելու, բժիշկներ են վերապատրաստվելու ու լիցենզավորվելու։

«Մենք այս տարի կունենանք հինգ պոլիկլինիկաների վերանորոգում-վերազինում։ Բացի դրանից, քսան գյուղական ամբուլատորիաների՝ հիմնականում նոր կառուցվող շենքեր են են լինելու։ Եվ արդիականացում։ Բացի սրանից, կիրանացվեն նաև այլ դոնոր կազմակերպությունների հովանավորությամբ շինարարություններ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը համոզված է՝ հիվանդ մարդը նախ պոլիկլինիկա պետք է գնա, այնտեղից էլ ըստ անհրաժեշտության ուղեգրվի հիվանդանոց։

«Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել հենց նախարարությունում, հակադարձում է՝ մարդիկ միևնույն է գերադասում են հիվանդանոց գնալ, պոլիկլինիկաների ձևն է պետք փոխել, միայն նորոգելով հարց չի լուծվի. - «Տասը-տասնհինգ տարի ա, էդ լսում եմ ու լսում եմ բոլոր իշխանություններում։ Ի՞նչ ենք անում։ Համաշխարհային բանկից վարկով ծրագիր ենք բերում, սկսում ենք վերանորոգել... Ինչի՞ ենք մենք ուզում, որ բոլորը գնան պոլիկլինիկա։ Ինչի՞ ենք մենք պահում էն սովետական կառուցվածքը, որը եղել ա, եթե ինքը այլևս կենսունակ չէ։ Վերափոխենք թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների օֆիսների։ Հավաքագրեն, նեղ մասնագիտական կոնսուլտացիան իրականացվի ավելի մասնագիտական տեղերում։ Ե'վ գոհունակությունը բարձր կլինի, և' հիվանդությունների կանխարգելումը և հայտնաբերումը ավելի շուտ կլինի։ Սենց թե նենք, մարդիկ հենց այդպես էլ անում են»։

Վարդանյանը կողմ է առողջության համապարփակ ապահովագրությանը, բայց մտահոգ է, որ այս մի ծրագիրն էլ կարժանանա նախկինների ճակատագրին։ Փաստաթուղթն ուսումնասիրել է ու եզրակացրել՝ համակարգից օգտվողներին սպասարկող հիվանդանոցների ընտրությունը կոռուպիցոն ռիսկեր է առաջացնելու։

Նախարարն էլ հակադարձում է՝ կլինեն հստակ չափանիշներ, եթե հիվանդանոցը կհամապատասխանի դրանց՝ կներառվի սպասարկող ցանկում։

Վարդանյանին այս բացատրությունը համոզիչ չի թվում. - «Հիմա էլ եք ասում պետպատվերին չափանիշներ կա։ Գրված ա՝ նպատակահարմար չեմ գտնում և դրա համար պետպատվերդ մերժվում է։ Չափանիշներ կլիներ, այո, ես կհամաձայնվեի, կընդունեի, մտցրեք ակրեդիտացիա, ստանան իրենց համապատասխան չափանիշներով սերտիֆիկատները, որից հետո ընտրեք, համաձայն եմ։ Մյուս դեպքում ձեր ընտրությունը սուբյեկտիվ է»։

Եթե մինչև հիմա նախարարության փորձագետ Սամվել Խարազյանն ասում էր, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է 150-200 հազար դրամ, այսինքն ամսական առավելագույնը մոտ 17 հազար դրամ վճարի, ապա այսօր նախարարը թվեր այդպես էլ չհնչեցրեց։ Ասաց, թե տարեվերջին կհստակեցվի փաթեթի արժեքը ու այն, թե միջին աշխատավարձից ցած վարձատրվող քաղաքացու ծախսի որքան մասը կսուբսիդավորի կառավարությունը։ Հստակ է սակայն թե ինչ է ներառում փաթեթը՝ սկրինիգային ծրագրեր, կանխարգելիչ միջոցառումներ, տարեկան պարտադիր հետազոտություններ և այլն։

«Դրանք ներառել են վիրահատական միջոցառումներ։ Օրինակ բերեմ. այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, և եթե պետական պատվերի շահառու չես հանդիսանում, երկու-երեք միլիոն դրամ արժողությամբ վիրահատությունները ուղղակի անհասանելի են դառնում։ Կամ գնում ենք հանգանակությունների, բարեկամների միջոցով փորձում ենք, և մենք էլ ինչ-որ աջակցություններով փորձում ենք այդ ծառայությունները հասանելի դարձնել։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրական փաթեթի շրջանակներում», - հայտարարեց Ավանեսյանը։

Նախարարից հետաքրքրվեցինք, եթե ոչ բոլոր հիվանդությունների բուժման համար կան հստակ մշակված ուղեցույցներ, ապա չկա՞ մտավախություն, որ նույն խնդիրն ունեցող քաղաքացուն տարբեր հիվանդանոցներում տարբեր ստուգումների ու անալիզների կուղարկեն ու այդպես նրան հասանելիք գումարը կարող է տարվա կեսից կսպառվել։

Ավանեսյանն ընդունեց՝ կա այդ ռիսկը. - «Այո, ապահովագրական համակարգերը կարող են կայուն լինեն, եթե մոտեցումները բուժման նկատմամբ ստանդարտացված են։ Մենք ունենք բազմաթիվ ուղեցույցեր, որոնք որ մշակված են, որոնք որ գործում են, բայց ընդհանուր պարտադիր նորմատիվային ակտ... այո, ունենք բացեր։ Եվ այս տարի մեր առաջ խնդիր է դրված, որ մենք մոտավորապես երեք հարյուր գործելակարգեր, որոնք որ փակում են ծառայությունների մեծ մասը, պետք է մշակենք, ներդրենք»։

«Բոլոր խնդիրները պետք է մանրամասն քննարկվեին, շտկվեին, նոր համակարգը ներդրվեր», - անհանգստացածած է փորձագետը։ Թեև այս ամսվա սկզբին կառավարությունն արդեն հաստատել է առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը, այդուհանդերձ, մի շարք բժիշկներ ևս իրենց մտահոգությունը հայտնել են։ Թանկարժեք վիրահատություններ են անում, ու շատ փոքր գումար է ապահովագրական ընկերությունն իրենց փոխանցում։

Նախարարից հետաքրքրվեցինք, բացառու՞մ է, որ որոշ բժիշկներ ուղղակի հրաժարվեն ապահովագրությամբ հիվանդների ընդունել, ասաց՝ դրան խիստ գործողություններ կհետևեն. - «Եթե բժշկական կենտրոնը չի իրականացնում իր պայմանագրային պարտավորությունները, իհարկե նա կզրկվի, կնախազգուշացվի, կկրի որոշակի տուգանքներ, չի վճարվի ծառայության համար և այլն»։

Կառավարության ծրագրի համաձայն, համակրագը մյուս տարվանից պետք է գործի պետպատվերի բոլոր շահառուների համար, կլինի նաև կամավոր ապահովագրական համակարգը։ 2025-ին արդեն ծրագրում պետք է ընդգրկվեն թոշակառուները, իսկ 2027-ից Հայաստանի ողջ բնակչությունը։

XS
SM
MD
LG