Մատչելիության հղումներ

Բուժկենտրոններում հրաժարվում են անվճար սպասարկել՝ պատճառաբանելով, թե պետպատվերը սպառվել է


«Պետպատվերը սպառվել է, չենք կարող անվճար սպասարկել». բուժկենտրոններից այսպես են այս օրերին պատասխանել «Ազատության» մի քանի զրուցակիցների։ Մեկի հարազատը հեմոդիալիզ է ստանում, մյուսը երեխային ցնցումներից հետո է հիվանդանոց տարել, հաջորդը՝ Գևորգ Սաֆարյանը, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երիտասարդ է։

«Հիվանդանոցը ուղղակի ասեց, որ պետության կողմից տրամադրված ֆինանսները սպառվել են։ Էդ պահին անհրաժեշտ էր ռենտգեն հետազոտություն և արյան անալիզ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սաֆարյանը։

«Ինքը հեմոդիալիզը ստանում ա երկու ամիս ա։ Որ ազոտը շատ ա բարձրանում, խեղդվում ա։ Տարան հիվանդանոց, ասել են, որ՝ մենք հիմա վիճակը մի քիչ կլավացնենք, բայց չենք կարող պառկացնել, մինչև հուլիսի 1-ը պետպատվեր չկա», - ասաց «Ազատության» մեկ այլ զրուցակից։

Քաղցկեղ ունեցող այն քաղաքացիները, որոնք նաև հաշմանդամության կարգ ունեն ու պետպատվերով են բուժվում, դիմել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց աջակցող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանը։ Հիմնադիր Նվարդ Քոչարյանն ասում է՝ տարվա ավարտին դեռ 6 ամիս կա, բայց արդեն շուրջ 70 քաղաքացի է իրենց դիմել նույն խնդրով։

«Արդեն այս տարվա համար որևէ տեղ չեն տալիս հիվանդանոցները՝ նշելով, որ չունեն այլևս պետպատվեր։ Բազմաթիվ հիվանդանոցներ ես ինքս եմ զանգահարել, որովհետև մեզ շատ-շատ են դիմում պացիենտները։ Եվս հավելյալ սոցիալական բեռ է առաջանում անապահով քաղցկեղ ունեցող մեր հայրենակիցների համար», - ասաց Քոչարյանը։

Կառավարության հատկացրած պետպատվերի գումարը բուժհաստատություններին է բաշխում Պետական առողջապահական գործակալությունը։ Նախարարության ենթակայությամբ գործող այս կառույցն է նաև հսկում է, թե ինչպես է ծախսվում պետության գումարը։ Ահարոն Բարսեղյանը, որպես կառույցի ղեկավար, քաղաքացիներին հորդորում է նախարարության թեժ գիծ զանգահարել ու հստակեցնել, թե ո՞ր հիվանդանոցից են ասել՝ պետպատվերի գումարն ավարտվել է։

Ահարոն Բարսեղյան
Ահարոն Բարսեղյան

«Այդ գումարները չեն ավարտվում, մենք ներքին վերաբաշխումներ ենք անում, պարզապես, անհետաձգելի բուժման կարիք չունեցող մարդը պետք է հերթագրվի»,- ասաց Բարսեղյանը հավելելով՝ սա նոր համակարգ է, սա է մարդկանց մոտ դժգոհություններ առաջացնում։ - «Մենք տեսնում ենք, որ խնդիր կա, որ բուժհաստատությունները քաղաքացիներին ոչ ճիշտ ուղղորդումներ են անում։ Այսինքն՝ իրենք ունեն պայմանագրային գումար, բայց քաղաքացիներին հերթագրում են ավելի ուշ ժամանակահատվածում և այլն։ Դրա համար մենք մշակեցինք ավտոմատացված գործիքը։ Մենք խոսում ենք հիմա պլանային դեպքերի հերթագրման մասին։ Այո, մենք բուժհաստատություններին ասում ենք, որ դու ունես այս սահմանաչափը և պարտավորված ես այս սահմանաչափի շրջանակներում կազմակերպել քո բուժօգնության մատուցվող ծավալը։ Բուժհաստատությանը ասում են, որ եթե դու ունես իքս ծավալի մատուցելու հնարավորություն կոնկրետ հուլիս ամսվա մեջ, դու քաղաքացուն իրավունք չունես հերթագրել օգոստոս կամ հետագա ամիսների վրա»։

Շուրջ 5 տարի Առողջապահության գործակալությունը ղեկավարած Ծաղիկ Վարդանյանը, որ հիմա «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահն է, խոստովանում է, որ իր աշխատած տարիներին էլ են այդ խնդիրները ծագել, բայց հստակ վերաբաշխումներով կարողացել են այսպես ասած՝ հրդեհը մարել։ Իրենց դիմած քաղցկեղ ունեցող մի կին արդեն վճարովի է ստացել Էմ-Էռ-Տե հետազոտությունը, ասաց, որ վիրահատության համար էլ են գումար վճարել։

Ծաղիկ Վարդանյան
Ծաղիկ Վարդանյան

Վարդանյանն ավելի քան 10 տարի նախարարությունում ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ասում է՝ խնդիրը խորքից է գալիս. - «Ձեր գումարները ավելացել ա, 2017 թվականը համեմատում եմ 2023 թվականի հետ, համարյա կրկնակի ֆինանսավորում ա արվում։ Ինչ է, բնակչությո՞ւնն ա ավելացել երկու անգամ... բայց նույն վիճակն ա։ Հիմա ես կրկնում եմ՝ նորից երկու անգամ էլ ավելանա, նույն վիճակն ա լինելու։ Եթե մենք արդեն իսկ ունենք նամանավանդ հետազոտությունների տարիներով էկած ֆինանսի պակաս, ուրեմն բարի եղեք ծրագրային բյուջետավորման միջնաժամկետ ծախսերի ծրագրում հստակ դնել այդ խնդիրը և մինչև վերջ պնդել կառավարությունում ու բացատրել, որ էս խնդիրը մենք ունենում ենք շատ ավելի անընդհատական է»։

«Հրդեհ այսօր չունենք, ներքին վերաբաշումներն արվում են», - առողջապահության գործակալության նախկին պետին հակադարձում է գործող պետն ու պնդում՝ քաղաքացիներն ուղղակի չեն սիրում հերթագրվել։

«Որքան ավելանում է պետպատվերի գումարներն, այդքան խորանում է այս խնդիրը։ Հին փասթաղթերով նոր մոդելը չի աշխատելու», - հավելեց առողջապահության գործակալության նախկին պետը։

Պետությունն այս տարի մոտ 118 միլիարդ դրամ է պետպատվերի համար հատկացրել, նախորդ տարի այդ գումարը շուրջ 112 միլարդ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG