Իր թիմակիցների կողմից 2021 թվականի դեկտեմբերին պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին։
«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին», - այսօր հղած տեսաուղերձում ասել է նա։
Իսկ ո՞րն է Հայկ Մարությանի թիմը, որով նա պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբաթյանն «Ազատությանը» հայտնեց, որ Մարությանը գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն ինքը որևէ կուսակցության չի անդամակցի:
Կուսակցությամբ կամ դաշինքով մասնակցությունն օրենսդրական պահանջ է:
Ինչպես պարզ է դառնում «Ազգային առաջընթաց» կուսակցության կայքէջից, այն հիմնադրվել է 2018 թվականի հեղափոխությունից ամիսներ անց՝ հոկտեմբերին, քաղաքացիական տարբեր շարժումների մասնակիցների կողմից:
Ուշագրավ է, որ Մարությանն այս մասին հայտարարող տեսաուղերձը նկարահանել է Գյումրու դրամատիկական թատրոնում՝ վերջին անգամ խաղալով «Քաղաքապետը» ներկայացումը. - «Ճիշտ ա, մեր երկրում կա ավանդույթ, որ ճանապարհը սկսում են Գյումրիում և ավարտում են Երևանում, բայց մենք կանենք լրիվ հակառակը. սկսել ենք Երևանից և կավարտենք Գյումրիում»:
Իր պաշտոնանկությունից ամիսներ անց սկսելով շրջագայությունն այս ներկայացմամբ՝ Հայկ Մարությանը խոստանում էր դրա ընթացքում աղմկոտ բացահայտումներ անել, բացի այդ, հայտնել առաջադրվել -չառաջադրվելու իր որոշման մասին: Աղմկոտ բացահայտումներ չարվեցին, իսկ առաջադրվելու մասին Մարությանը հայտնեց Գյումրիում «Քաղաքապետը» վերնագրով վերջին ներկայացումից հետո:
Մարությանի պաշտոնանկությունից հետո, երբ նա կոշտ քննադատեց իշխող «Քաղաքացիական պայմանագրին», Փաշինյանի թիմին մեղադրեց հեղափոխական արժեքներից հեռանալու համար և հայտարարեց, որ տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել, Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում: Ուսումնասիրությունները վերաբերում էին Մարությանի պաշտոնավարման տարիներին, և ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերել է 8.5 միլիարդ դրամի խախտումներ՝ հատուկ շեշտելով, որ խախտումներն ավելի շատ են, քան նախկին իշխանության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 7 տարվա պաշտոնավարման ընթացքում հայտնաբերվածները։
Մեկ տարի առաջ Դատախազությունը հայտարարեց, որ կուսումնասիրի Մարությանի օրոք քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումները: Այս տարվա օգոստոսի 3-ին պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ Դատախազությունից հայտնել են, որ Հայկ Մարությանին առնչվող քրեական վարույթներ առկա չեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները հաստատում են՝ նախապատրաստված նյութեր կան Մարությանի օրոք անօրինական շինթույլտվություն տալու առնչությամբԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին այսօր հայտարարել է նաև մայիսին հիմնադրված «Մայր Հայաստան» շարժումը։ Այդ մասին հայտնել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ մայրաքաղաքի ընտրություններն իրենց վերջնական նպատակը չեն. - «Մայր Հայաստան շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»:
Այդուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե ինչ կուսակցությամբ կամ դաշինքի ցուցակով է մասնակցելու «Մայր Հայաստանը»: Շարժումը հայտարարություն է տարածել, նշելով, որ վաղը կայանալու է «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքը առանց մանրամասների:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով: Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին մինչ այս արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանդիլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, իսկ խորհրդարանական ընդդիմության հիմնական ուժերը՝ ՀՅԴ-ն ու «Հանրապեետականը», դեռ լռում են։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակում արեց, որում պնդում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը», այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար։ Կուսակցությունից հերքեցին սա, ԿԸՀ նախագահ, նախկին ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե վարչական ռեսուրսի չարաշահում չկա։