Իրավապահները դեռ չեն մանրամասնում, թե որ փուլում է գտնվում Վարդան Ղուկասյանի արտահանձնման գործընթացը

Իրավապահները դեռ չեն մանրամասնում, թե որ փուլում է գտնվում նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի արտահանձնման գործընթացը։

Հայաստանում «Դոգ» մականունով հայտնի Ղուկասյանին մի քանի, այդ թվում՝ շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, դատավորի, դատախազի մասին տեղեկություններ հրապարակելու հոդվածներով են մեղադրում։

Դեռ մայիսի վերջից են Հայաստանի իրավապահները դիմել Միացյալ Նահանգներին՝ Ղուկասյանին արտահանձնելու խնդրանքով։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են, որ հայտարարվել է միջազգային հետախուզում, եթե նա հայտնաբերվի ու տեղափոխվի Հայաստան, ապա կկալանավորվի։

Պարզ չէ արդյոք ամերիկյան իշխանությունները համաձայնել են օգնել հայ իրավապահներին՝ Ղուկասյանին գտնելու հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ

Գլխավոր դատախազությունը նաև մանրամասնում է այս գործով անցնող անձանց տվյալները՝ նրանցից երկուսը Ղուկասյանի քույրերն են, մեկը Ղուկասյանի առաջնորդած «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն է, կան ևս 7 անձինք, որոնցից մեկն էլ նախկին ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է։ Տասը մեղադրյալներն էլ մեղքը չեն ընդունում, դեռ ամիսներ առաջ էր Ղուկասյանն իր յություբյան հեռարձակումներից մեկով հերքել հայաստանյան իրավապահների պնդումները։

«Իմ հեղինակության հետ խաղում են ոնց ուզում են, ոնց կարում են․ էլ շորթումով, Տիգրան Արզաքանցյանով և այլն։ Հիմա ամբողջ հիմքում դրված է ռուսական երկու հեռախոսահամար, որոնք, նորից եմ ասում, իմ ձեռքի տակ չեն, իմը չեն, իմ հետ կապ չունեն, էդ հեռախոսահամարներով դրել են ու ամբողջ հանրությանը, մեղմ ասած, ապակողմնորոշում են», - ասել էր Ղուկասյանը։

Քննչականն օրերս հայտարարեց, որ Ղուկասյանի ստեղծած հանցավոր կազմակերպությունը տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ շանտաժի միջոցով չորս դրվագով մոտ կես միլիոն դոլարի շորթում է կատարել։ Գլխավոր դատախազությունը, սակայն, չի պատասխանել, թե ինչ հանցավոր կազմակերպություն են ձևավորել Ղուկասյանն ու մյուսները՝ փորձելով ազդել պաշտոնյաների կայացրած որոշումների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հաղորդում Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ

Օրերս Քննչական կոմիտեն մի ձայնագրություն հրապարակեց, որտեղ լսվում էր գործով մեղադրյալ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձայնը։

Մինչդեռ մեղքը չընդունող Առաքելյանն ու մյուս մեղադրյալները իրավապահներին պատմել են այս գործը քննող քննչականի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգվելու մասին։ Առաքելյանը նաև հայտարարել է, որ Քյարամյանը իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էր պահանջում՝ մասնավորապես, արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ, իր հերթին, Վարդան Ղուկասյանին փոխանցի։

Քննչական կոմիտեն, սակայն, հերքել է Քյարամյանի ու նրա ենթակայի կողմից խոշտանգման մասին հայտարարությունները։

Ավելի քան մեկ ամիս առաջ խոշտանգման հոդվածով հարուցված գործով դեռ մեղադրալներ չկան, ինչո՞ւ՝ իրավապահները չեն մանրամասնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՄԻՊ