ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է միջազգային կառույցի հրապարակած հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման մասին, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար սարսափելի ճգնաժամի։
«Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը խոչընդոտող շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել մարդկանց կյանքը։ Բնակիչները, հատկապես երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հղի կանայք և հիվանդները, զգալի վտանգի տակ են»,- նշում են փորձագետները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է». Ստեփանակերտի բնակիչՆրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին համապատասխան։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ՝ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և կայուն լուծում գտնելու համար »,- նշում են փորձագետները։
Նրանք ռուս խաղապահներին էլ կոչ են անում պաշտպանել Լաչինի միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու դիմումը«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել մուտքը», - ասում են փորձագետները՝ շեշտելով․ - «Այս կրիտիկական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը»։
Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարությանը։ «Մտահոգիչ է, որ 30 տարի Ադրբեջանի տարածքների գրավման, մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների մարդու իրավունքների ոտնահարման վրա աչք փակած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն ու փորձագետները, խաբվելով ու ենթարկվելով Հայաստանի մանիպուլյացիաներին՝ հանդես են գալիս կողմնակալ հայտարարություններով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ «այդ հայտարարություններում օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, եղել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին և թույլ են տրվել երկակի մոտեցումներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է»․ ՄԱԿ-ում քննարկվեց նաև Արցախում իրավիճակը