2018-ի հեղափոխությունից հետո իրավապահների թիրախում հայտնված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքում մեղադրյալները մի քանիսն են։ Նրանք անցնում են կոռուպցիոն տարբեր գործերով։
Վերջերս դատախազությունը դատարան ուղարկեց հերթական գործը, որով մեղադրյալ է նախկին պաշտոնյայի 40-ամյա դուստր Յուլիա Գասպարյանը։ Մեղքը չընդունող Գասպարյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ ի վերջո՝ ո՞րն է իր հակափաստարկը, ասաց միայն՝ աշխատանքի մեջ է:
«Ներողություն եմ խնդրում, բայց այս պահին ես աշխատանքի եմ, չեմ կարող խոսել», - ասաց Յուլիա Գասպարյանը:
Ինչո՞ւ է Յուլիա Գասպարյանը վերականգնել, իրավապահների գնահատմամբ, պետությանը պատճառած վնասը
Անցած տարեվերջին էր դատախազությունը նրան մեղադրել պետական միջոցները վատնելուն օժանդակելու համար։ Իրավապահները բավարար են համարել ձեռքբերած փաստերը, որ Յուլիա Գասպարյանը հափշտակել է մոտ 9 միլիոն դրամ, երբ հոր՝ այն ժամանակ ոստիկանապետի հրամանով ոստիկանության զորքերում ընդունվել էր աշխատանքի, բաց այդպես էլ 3 տարի գործի չգնալով՝ ստացել էր միլիոնների հասնող աշխատավարձ։
«Բնականաբար, եթե ես հաստատել եմ մեղադրական եզրակացությունն ու ուղարկել, առնվազն գոնե իմ համար ակնկալելի է, որ մեղադրական դատական ակտ է կայացվելու, բայց միանշանակ պնդել, որ Յուլիա Գասպարյանը մեղավոր է, ես անմեղության կանխավարկած կխախտեմ», - նշեց դատախազ Արմեն Մուրադյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանի դուստրը թեև մեղքը չի ընդունում, բայց վերականգնել է պետությանը պատճառած վնասըԳլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արմեն Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Գասպարյանի դուստրն օժանդակել է այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին, որ վերջինս բյուջեի գումարները վատնի ու իրեն աշխատավարձ վճարի։ Հենց Երանոսյանն է Գասպարյանի դստերը փոխգնդապետի կոչում տվել։
«2012-18 թվականների ընթացքում, երբ որ վերջինս պաշտոնի է նշանակված եղել ոստիկանության զորքերում, նախաքննական տվյալների համաձայն, աշխատանքի չի գնացել», - ներկայացրեց դատախազը:
Ինչո՞ւ է Յուլիա Գասպարյանը վերականգնել իրավապահների գնահատմամբ՝ պետությանը պատճառած 9 միլիոն դրամի վնասը, եթե մեղքը չի ընդունում։ Նրա փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ընդամենը փոխանցեց՝ այս պահին մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։
Նախկին ոստիկանապետի դստեր գործը քննելու է Հակակոռուպցիոնի դատավոր Վահե Դոլմազյանը։
Գործից առանձնացվել է Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի դրվագը. դատախազ
Դատախազ Մուրադյանն ասաց, որ այս գործից առանձնացվել է Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի դրվագը։ Ըստ մեղադրանքի, ոստիկանության ավագ ռեֆերենտ նշանակված և գնդապետի կոչում ստացած կինը ավելի քան 19 մլն դրամ աշխատավարձ է ստացել, բայց նա ևս աշխատանքի չի ներկայացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ«Փաստացի վերջինս ծառայության չներկայանալով ստացել է աշխատավարձ: Դա մի դրվագն է ըստ էության», - ասաց Մուրադյանը:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, պնդում է՝ Սուսաննա Գասպարյանը աշխատել է ու վճարվել. - «Սուսաննա Գասպարյանը, այո, հաճախել է ոստիկանությունում աշխատանքի, նաև ռազմական ոստիկանությունում աշխատանքի և կատարել իր պաշտոնից բխող պարտականությունները»։
Յուլիա Գասպարյանի՝ այս գործից առաջ դատախազությունը հաստատել էր հոր՝ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը մեկ այլ քրեական գործով։ Այն ևս այժմ դատարանում է։ Ժամանակին կոռուպցիան ոչնչացնել խոստացող 64-ամյա Գասպարյանին այս մի գործով մեղադրում են ապօրինի ձեռք բերած ավելի քան երկու միլիարդ դրամը օրինականացնելու, լիազորությունները չարաշահելու, օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք՝ թանկարժեք տներ, մեքենաներ ձեռք բերելու համար։
Մեղքը չընդունող նախկին ոստիկանապետի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, գեներալ լեյտենանտի մեղադրանքը հիմնված նաև է նախկին ոստիկանապատերից մեկի ցուցմունքի հիման վրա։ Ըստ այդմ, նա իրավապահներին բողոքել է, թե Գասպարյանը պետության միջոցներից բնակարաններ է բաժանել ծանոթներին, այդ թվում՝ դստեր պրոդյուսերին։ Փաստաբանը, սակայն, անուն չի հնչեցնում, բայց Գասպարյանն ինքը երկու ամիս առաջ լրագրողներին ասել էր՝ պետությունից բնակարան է ստացել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. - «Էդ բնակարաններից տվել եմ նաև Օսիպյանին»:
Գասպարյանները շարունակում են պնդել՝ ունեցվածքը ձեռք են բերել արդար ճանապարհով
Դատարանում քննվող երրորդ գործով էլ նախկին ոստիկանապետը մեղադրվում է պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի պնդմամբ՝ գործը հիմնված է նախկին ոստիկանապետերից մեկի ցուցմունքի վրաԸստ իրավապահների՝ զինվորական ոստիկանությունում, ապա Պաշտպանության նախարարությունում ծառայելու ժամանակ Վլադիմիր Գասպարյանը մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն վարորդ աշխատել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։
Այս երեք դատական գործերը դեռ քննության փուլում են և միայն ուժի մեջ մտած որոշմամբ կհաստատվի Գասպարյանների մեղքը։ Քրեական գործերից բացի, Գասպարյաններն անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այն ևս դատաքննության փուլում է։ Իրավապահները նախկին ոստիկանապետից պահանջում են պետությանը փոխանցել ապօրինի ձեռք բերված շուրջ 5 միլիոն դոլարի գույք ու ավելի քան 425 հազար դոլար։ Գասպարյանները շարունակում են պնդել՝ ունեցվածքը ձեռք են բերել արդար ճանապարհով և որևէ լումա պետությանը հետ չեն վերադարձնելու։